ՀՀ Պետական գնումների էլեկտրոնային համակարգում հրապարակվել է պայմանագիր, որի համաձայն՝ ՀՀ Պարետի աշխատակազմը 6 միլիոն 140 հազար դրամ գումարով պայմանագիր է կնքել Վահան Ազիբեկյան Հակոբի ԱՁ-ի հետ։

Պայմանագրի առարկան «տեսաֆիլմերի արտադրության ծառայություններն» են։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ ծառայությունները ներառում են ռիլ (reels) տեսանյութերի պատրաստում։

Պայմանագրի պահանջներից է, որ կատարողը պետք է պատվիրատուին տրամադրի 60 ռիլ տեսանյութ։ Այս տեսանյութերի տևողությունը սահմանված է 1 րոպե 30 վայրկյանից մինչև 2 րոպե 30 վայրկյան, իսկ դրանց չափսը՝ 1080×1920 պիքսել՝ Instagram հարթակի բոլոր պահանջներին համապատասխան։

Տեսանյութերի նկարահանումը պետք է իրականացվի հատուկ սցենարով՝ reelmaker-ի կողմից։ Նկարահանողը պետք է ունենա առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ և մասնագիտական պորտֆոլիո, որը պետք է ներառի առնվազն 40 հրապարակված ռիլ։ Նկարահանումները կարող են իրականացվել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում՝ ինչպես բացօթյա, այնպես էլ փակօթյա տարածքներում։

Տեխնիկական բնութագրում նշվում է, որ տեսանյութերը պետք է պարունակեն կադրեր, տեքստեր, ֆիլտրեր, AI լուծումներ, տարբեր էֆեկտներ, ստեղծագործական լուծումներ և մոնտաժ, ինչպես նաև հեղինակային իրավունքի պահպանմամբ երաժշտություն։