ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում է օրենսդրական նախագիծ, որի նպատակն է պարտադիր զինվորական ծառայությունից կազատել այն Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ավարտել են աշխարհի լավագույն 50 բուհերը (ըստ Շանհայյան վարկանիշային աղյուսակի) և ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատում են Հայաստանում կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով։

Այս նախագիծը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ուղղված է ոչ միայն երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, այլև գիտելիքների և փորձի ներդրմանը՝ նպաստելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը։

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախագծի քննարկման ընթացքում ներկայացրել է իր վերլուծության արդյունքները, որոնք վերաբերում են սոցիալական անարդարության հնարավոր հետևանքներին։ Նրա տվյալներով՝ 2004-ից 2023 թվականներ ընկած ժամանակահատվածում արտասահմանյան ուսումնական հաստատություններում կրթություն է ստացել 2265 տղա և 1191 աղջիկ։ Այս անհամաչափությունը, ըստ Հայկ Սարգսյանի, կարող է վկայել այն մասին, որ արտերկրում սովորելու հնարավորությունը որոշ անձանց համար հիմնական պատճառ է հանդիսանում բանակից խուսափելու համար։

Նախարար Անդրեասյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ուսանողների շուրջ 57%-ը աղջիկներ են, սակայն արտերկրում սովորելու հարցում վիճակագրությունը կտրուկ փոխվում է։ Նա տեղեկացրել է, որ ներկայում ավելի քան 570 քաղաքացի օգտվում է տարկետման իրավունքից, որոնցից 57-ը դեռ շարունակում են ուսումնառությունը, ուսումնառությունն ավարտած 57-ից միայն մեկն է վերադարձել ծառայության, իսկ 40-ը չեն ծառայել ոչ մի այլ հիմքով։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այս փոփոխությունների ընդունումը կնպաստի վերը նշված բուհերում սովորելու համար արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վերադարձն ապահովելուն և նրանց գիտելիքները Հայաստանում կիրառելու հնարավորություն ստեղծելուն։