Օգոստոսի 18-19-ի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած պետական այցի ժամանակ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդ Ալեքսին հայտարարեց, թե Ադրբեջանում են գտնվում Բաքվում նահատակված Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասը, և որ առաքյալը Բաքվի, Ադրբեջանի և այնտեղ ապրողների հովանավորն է։ Այս պնդումը, որը հակիրճ ասած, փորձում է Ադրբեջանին «զիջել» հայ առաքյալներից մեկին, ոչ միայն անհիմն է, այլև խորը ազգային-եկեղեցական դավաճանություն։

Այս հարցումը, թերևս, մտածելով, որ արդեն հաջողել է, հիմա էլ անցել է Հայոց Եկեղեցու պատմությունից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անունները «զեղչելուն»։ Այլ խոսքով՝ եկել է առաքյալներին Ադրբեջանին «զիջելու» հարմար պահը, և նա դա փորձում է անել։

Այս ակնհայտ սրբապղծությանը, որը նպատակ ունի վերաներկայացնել Հայոց Եկեղեցու պատմությունը ոչ թե Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի քարոզչության, այլ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի «ջանքերից» իբրև սկիզբ, հաջորդում է նոր, ևս ավելի վտանգավոր քայլ։

ՀՀ վարչապետի կեցավայրում հրապարակայնացված «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի անդրանիկ «կոնդակը» պարունակում է մի կետ, որը, ըստ իս, թաքնված ակնարկ է Հայոց Եկեղեցու պատմությունը սկսել Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի «ջանքերից» և ոչ թե Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունից։

Այս պայքարը ոչ թե եկեղեցական կառույցների կամ հոգևորականների միջև է, այլ ազգային ինքնության և դավանանքի պաշտպանության պայքար է։ Իր այսօրինակ սրբապղծություններին աղանդապետը մասնակից է դարձնում նաև բազմաթիվ մարդկանց, և հատկապես տասը եղբայրադավ հոգևորականների մասնակցությունը տարակուսանք է առաջացնում։

Եղբայրադավ սրբազաններ, ասենք թե նեղացած եք Վեհափառ Հայրապետից, բայց ինչո՞ւ եք մասնակից դառնում սրբապղծություններին։ Չէ՞ որ դրանով դուք ամբողջ ազգին եք փորձության ենթարկում։ Թեև ամբողջ ազգը արդեն ձեզ տիրադավ է հռչակել, բայց, ըստ իս, դուք դեռ չեք հատել այդ սահմանը։ Առայժմ գտնվում եք եղբայրադավության սահմանին, բայց նկատի ունեցեք, որ շատ մոտ եք կանգնած տիրադավության ու հայրենադավության սահմանին։ Եվս մեկ քայլ և կհայտնվեք այնտեղ և արդեն ձեր մասին խոսելն անգամ ավելորդ կլինի։ Հեռու մնացեք այդ մարդուց։ Նա չարիքի խորհրդանիշն է և անուղղելի աստվածուրաց։