Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ես հայտարարեցի, որ օրենքներն ու արդարադատությունը մեր իրականության մեջ այսօր դարձել են երկրորդական արժեքներ, սակայն հույս ունեմ, որ վերջիվերջո արդարությունը կհաղթանակի։ Ես եկել էի դատարան՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Արշակ սրբազանի։

Մեր ուշադրությունը գրավել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից վերահսկելու գործողությունը։ Վերջին մի քանի օրեր շուրջօրյա ռեժիմով այնտեղ ներկա են ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք ծառայություն են կատարում քաղաքացիական մեքենաներով և քաղաքացիական հագուստով։

Այս իրավիճակը սկսվել է փետրվարի 1-ին, երբ հրապարակվեց ՊՆ նախարարի հրամանը Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարման մասին։ Ըստ այդ հրամանի՝ Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականները այլևս իրավասու չեն ծառայություն իրականացնել բանակում։

Հրամանում նշված է, որ Մայր Աթոռում կրթություն ստացած անձինք կարող են որպես գնդերեց կամ ավագ գնդերեց ծառայել փոխված ձևաչափով, այսինքն՝ զինվորականի՝ կապիտանի կամ մայորի կոչում ստանալուց հետո՝ ի պաշտոնե ենթակա դառնալով տվյալ զորամասի հրամանատարին։ Սա ենթադրում է, որ այդ գնդերեցները իրենց կապը խզելու են Մայր Աթոռի հետ, և նրանց ենթակայությունը կլինի ՊՆ-ին։

Ես փորձել եմ պարզաբանել ռազմական ոստիկանության ներկայության պատճառը, սակայն ծառայություն իրականացնողները հրաժարվել են պատասխանել, իսկ վերադասի կողմից որևէ արձագանք ստանալ չի հաջողվել։ Մայր Աթոռը հարցի կապակցությամբ կհանդես գա հայտարարությամբ։