ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Դոնբասի կարգավիճակի հարցը ռուս-ուկրաինական բանակցությունների ամենաբարդ փուլն է, որի լուծմանը կողմերը դեռևս չեն մոտեցել։ Նրա խոսքով՝ դիվանագետները փորձում են գտնել շփման եզրեր՝ հաշտեցնելու երկու կողմերի հայացքները, սակայն առաջընթացը սահմանափակ է։
Ռուբիոն ընդգծել է, որ Ուկրաինայի համար քաղաքական առումով «բարդ է նույնիսկ մտածել այն գաղափարի շուրջ, որ կարելի է թույլ տալ տարածքների փոփոխություն քննարկել»։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, իր հերթին, արդեն երկու տարեկան և մի քանի ամիս է՝ իր քաղաքացիներին համոզում է, որ պատերազմում հսկայական առավելությամբ հաղթում է, ինչի պատճառով մարդկանց կզարմացնի, եթե Ռուսաստանը տարածքներ հանձնի։
ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունը կարելի է ընկալել որպես բաց և չափազանց թափանցիկ ազդակ Մոսկվային՝ վերաբերյալ այն թեզին, որ Ռուսաստանը պատերազմում «հսկայական առավելությամբ և վճռականորեն» չի հաղթում։ Ըստ էության, Ռուբիոն, ով նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականն է, ուղղակիորեն վիճարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի, ապա Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողությամբ առաջադրված նպատակներին կհասնի»։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաև հստակեցրել է, որ եկող ամիսների սկզբին Աբու-Դաբիում կայանալիք բանակցություններին ԱՄՆ-ը չի մասնակցի, քանի որ դրանք կկրեն բացառապես երկկողմ՝ ռուս-ուկրաինական բնույթ։ Այս որոշումը, ըստ ենթադրությունների, անձամբ Դոնալդ Թրամփի կողմից է կայացվել և պայմանավորված է ՌԴ նախագահի օգնական Ուշակովի և մամուլի քարտուղար Պեսկովի կողմից վերջին օրերին արված հայտարարություններով՝ Դոնբասի կարգավիճակի հարցը «Անքորիջի բանաձևի» հիման վրա կարգավորելու անհրաժեշտության մասին։
ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը Ուկրաինայի կարգավորման այդ չափազանց բարդ հարցի լուծումը վերապահում է Մոսկվա-Կիև ուղղակի երկխոսությանը։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ «Անքորիջի բանաձևը», որը Ռուսաստանը ներկայացնում էր որպես հնարավոր լուծում, այլևս ակտուալ չէ, ինչը, իր հերթին, հարց է առաջացնում՝ որքա՞ն կտևի պատերազմը։