Իմ հայացքը հանգեցնում է մի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ խորհրդավոր բառի՝ «ուխտերթ»։ Ես փնտրում եմ այն բառարաններում, բայց չի գտնվում։ Որևէ հայերեն տեքստ, որտեղ այն գոյություն ունենա։ Ինչևէ նման բան Google-ի էլ իմաստը չի տալիս, միայն «Ուղտերթն» է առաջարկում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավն ու այսպես կոչված «իսկական» հավատացյալների զգալի մասը մասնակցել են մի բանի, որը ոչ միայն բառարաններում չի գտնվում, այլև իրենից ոչինչ չունի։

Այս ամենը դեռ ավելի ցավալի է դառնում, երբ հասկանում ես, որ այդ հիմար նախաձեռնությանը աջակցել են ոչ թե մի քանի մարդիկ, այլ 10 հոգի՝ 6 արքեպիսկոպոս և 4 եպիսկոպոս։ Ինչո՞ւ նրանցից ոչ մեկը չի փորձել համոզել նախաձեռնության հեղինակին, որպեսզի փոխի այդ անհասկանալի բառը, որպեսզի խուսափի ինքն իրեն, իր հոտին և պետությանը խայտառակելուց։

Պետության մասին խոսելիս պետք է նշեմ, որ պետական ողջ ապարատը, ներառյալ իրավապահ համայնքը՝ պարետից մինչև ԱԱԾ աշխատակիցները, հավաքվել էին այդ տուպոյ «ուխտերթին»՝ աշխարհին ցուցադրելու Հայաստանի Հանրապետությունում իշխող տուպիզմը։ Երբ 100 տարվա ծանոթ ոստիկանին հարցնում ես՝ «Էս ի՞նչ եք անում, ախպեր», նա պատասխանում է՝ «Հրաման ենք կատարում»։ Ի՞նչ ասեմ, կատարեք, բայց գոնե հրամանի իմաստը հասկանալու համար ձեր ուղեղը մի փոքր աշխատեցրեք։ Քանի որ այլապես ձեզ հավաքել են բերել «ուխտերթ», որը դուք ինքներդ չգիտեք էլ՝ ինչ է։ ՔՊ-ականներից ոմանք այն «ուխտաերթ» էին կոչում։ Այդ բառն էլ բառարաններում չկա։ Խայտառակություն է։

Փաստորեն, հակաեկեղեցական պայքարի առաջնորդն ու ռահվիրան այսքան մարդու հիմարացրել է իր ստեղծած անհասկանալի բառով ու դուրս է բերել փողոց։ Ճարս կտրած՝ մի հատ էլ Google-ի թարգմանչին դիմեցի՝ գուցե այլ լեզուներում կա մեր նորահայտ վարդապետի ստեղծած այդ բառը։ Անգլերենը տվեց «Oath», իսկ թուրքերենը՝ «Yemin», որոնց հայերեն համարժեքը «Երդումն» է։ Բայց նույնիսկ այս դեպքում պարզ չէ, թե սա ինչ չտեսնված ու չլսված երթ էր։ Ո՞վ էր երդում տվել, ում էր երդում տվել, ինչու էին մարդիկ հավաքվել և ինչու նրանց դարձրին այս քաղաքական ապուշության մասնակից։

Մարդը երբ որևէ ուխտ է անում, այն կատարում է միայնակ, ինքնամփոփ, սովորաբար՝ լուռ և անաղմուկ։ Նա գնում է իր ուխտը կատարելու, ոչ թե հավաքվում է հազարավոր մարդկանց հետ։ Նա մի հարմար օր գնում, իր ուխտը կատարում, վերադառնում է, գուցե մի երկուսին էլ պատմում է այդ մասին, խնդիր չկա։ Այդ մարդը, երբ գնում է իր ուխտը կատարելու, կոչվում է ուխտավոր։ Նրա արածը կամավոր ուխտագնացություն է, ոչ թե բռնի և հարկադիր «ուխտերթ»։

Եվ ապա՝ ուխտի գնում են լավ նպատակով… Բայց դուք սրանց այսօրվա խեղկատակությանը նայեք ու փորձեք տեղավորել այն ուխտագնացություն հասկացության մեջ։ Լավ, Սուրբ Գրիգոր Լուսավորչից երթով գնում ես Սուրբ Աննա, որ ի՞նչ անես, սա ի՞նչ կապիկություն է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ի՞նչ է, եթե ոչ ուխտի կատարման վայր։ Ինչո՞ւ պետք է միանգամից գնայիր Սուրբ Աննա, մոմդ վառեիր, խաչհամբույր տայիր տոնի առիթով, ամենակալ Տիրոջից խնդրեիր քաղցր աչքով նայել ժողովրդին։ Ինչո՞ւ պետք է միլիցով, թրով, թվանքով երթ անես եկեղեցիների միջև, մի հատ էլ անունը դրես «ուխտերթ»։ Բա հետիդ բառադիների՞ն ինչ ասեմ, որ իծաշարուկ գցել էիր հետևիցդ ու ստիպել մասնակցել այս էշությանը։