Հարավային Կովկասի հարցերով զբաղվող «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության ավագ վերլուծաբան Ջոշուա Կուցերան պանելային քննարկման ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գալիք այցը Հայաստան եւ Ադրբեջան ցույց է տալիս, որ Հարավային Կովկասը միջազգային քաղաքականության ակնկալիքների կենտրոնում է։

«Սպիտակ տանը նախորդ տարի օգոստոսի 8-ի հանդիպումից հետո շատ բան է փոխվել։ Միացյալ Նահանգների նախագահը, Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը մի շարք կարեւոր համաձայնագրեր ստորագրեցին։ Այս հանդիպումից հետո իրադարձությունները զարգացում են ապրել», – նշել է Կուցերան՝ որպես իր խոսքի վկայություն բերելով հունվարի 13-ին ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների կողմից կնքված համատեղ հայտարարությանը՝ վերաբերող TRIPP ծրագրի կենսագործմանը։

Վերլուծաբանը նաեւ մեկնաբանել է տարածաշրջանի երեք երկրների ներքաղաքական իրողությունները՝ նշելով, որ դրանք բոլորն էլ ցույց են տալիս ավտորիտարական միտումների աճ։ «Կարելի է ասել, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը բոլորն էլ ավելի ավտորիտար են դառնում», – ասել է նա՝ ընդգծելով, թե չնայած երեք պետությունների ընթացքի տարբերություններին՝ «հետագիծը երեքի դեպքում էլ նույնանման է»։

Կուցերան նկատել է, որ Հայաստանում եւ Վրաստանում զուգահեռ գործընթացներ են ընթանում՝ «ազատ խոսքի եւ քաղաքական ընդդիմության բռնաճնշման ավելացմամբ»։ Նա նաեւ արձանագրել է միջազգային հանրության արձագանքի տարբերությունը՝ նշելով, որ այն Հայաստանում եւ Վրաստանում զուգահեռ զարգացումներին «բավականին տարբեր» է։