Հունվարի 5-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, Միածնաէջ Մայր Տաճարում հանդիսավորությամբ մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագը։

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։ Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, որին հաջորդեց սուրբգրային հատվածների ընթերցում։ Այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը։

Իր քարոզում, Հայկազուն Սրբազանը խորհրդավորեց Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը։ Նա նշեց, որ քրիստոնեությունը, ամեն բանից առաջ, անձնական հավատքի և հոգևոր զգացումի դրսևորում է։

«Նախ մենք՝ որպես անհատներ, պետք է դարձի գանք, Աստծուն գտնենք մեր սրտում, դառնանք լույսի որդիներ, լուսավորենք մեր հոգիները, ապա նոր՝ փորձենք մեր օրինակով քարոզել ուրիշներին։ Առանց այս ամենի չի կարող որևէ ժողովուրդ փրկության առաջնորդվել», – ասաց Հայկազուն եպիսկոպոսը։

Նա հորդորեց հավատացյալ ժողովրդին՝ իբրև քրիստոնյաներ հիշել աղքատներին ու կարիքավորներին, այցելել հիվանդներին, բանտարկյալներին և նրանց համար աղոթել։

«Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու, հոգևոր ուրախություն ապրելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է, որպեսզի զորանանք Քրիստոսով, վերահաստատենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ զավակները լինելու մեր կոչումը։ Ձգտենք նմանվել մեր սուրբ հայրերին, հավատարիմ մնանք մեր սրբազան ավանդույթներին, պատրաստ լինենք՝ իբրև քրիստոնյաներ, դիմակայելու ամեն տեսակի դժվարությունների և զորացնելու մեր հավատքը», – եզրափակեց նա։

Պատարագի ավարտին, նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին։ Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը։