Այսօրվա նիստին, որը նախատեսված էր Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացված նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով, ներկայացված չէր պատասխանող կողմը՝ նախկին առաջնորդը։ Նա դատարանին նախապես միջնորդություն էր ներկայացրել՝ նիստը հետաձգելու խնդրանքով՝ հիմնավորելով դրանով, որ չի ստացել դատարանի կողմից ներկայացված միջնորդությունը և, հետևաբար, ծանոթ չէ դրա բովանդակությանը։
Հիշեցնենք, որ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, որը նախկինում զբաղեցնում էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը, դիմել էր դատարան՝ պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները։ Դատարանը, իր հերթին, կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ նրան ժամանակավորապես վերականգնելով իր պաշտոնին։
Գործով պատասխանողի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցչի փաստաբան Արա Զոհրաբյանը նշել էր, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանը Արման Սարոյանի հայցադիմումը վարույթ է ընդունել ընդհանուր կարգով, իսկ աշխատանքային վեճի դեպքում հայցը պետք է վարույթ ընդունվի հատուկ հայցային վարույթի կանոններով։ Նա նաև հավելել էր, որ դատավորը Մայր Աթոռից պահանջել է պատասխան և փաստաթղթեր ներկայացնել՝ աշխատանքային վեճի համար նախատեսված հատուկ կարգով։
Արա Զոհրաբյանը դատարանին ներկայացրել էր փաստաթղթային ապացույց, որը հակասում էր Արման Սարոյանի պնդմանը։ Նա ներկայացրել էր փետրվարի 4-ի փոստային անդորրագիրը և Հայփոստի պաշտոնական կայքի տվյալները, որոնք ապացուցում էին, որ Արման Սարոյանը փաթեթը ստացել է այդ օրը։ «Սա նշանակում է, որ դատարանին ներկայացվել է ոչ ճիշտ տեղեկատվություն»,- նշել էր փաստաբանը։
Նիստից հետո Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Արման Սարոյանի գործողությունները խոչընդոտում են Եկեղեցու գործունեությունը։ Նրա խոսքով՝ առաջացել են խնդիրներ Մասյացոտնի թեմում և բանկային համակարգում։ Նա նշել էր, որ հարկադիր կատարողը թույլ է տալիս օրենքի խախտումներ, իրեն վերագրել է լիազորություններ, որոնք իրեն չեն վերագրված, և փաստացի դրել է իրեն Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը՝ լիազորելով Արման Սարոյանին բանկում գործարքներ կատարել։
Արա Զոհրաբյանը վստահ է, որ կգա ժամանակ, երբ դատարանի առջև կանգնելու են բոլոր անձինք՝ այդ անօրինական մոտեցումների համար։
Նիստը հետաձգվեց մեկ աշխատանքային օրով՝ մինչև փետրվարի 11-ը, որպեսզի կողմերը հնարավորություն ունենան ծանոթանալ միջնորդությանը և ձևակերպել իրենց դիրքորոշումը։
Հարկ է նշել, որ Արման Սարոյանը պաշտոնապես կարգալույծ է հռչակված և հանդիսանում է աշխարհիկ անձ։ Համաձայն Հայ Եկեղեցու կանոնների՝ որևէ աշխարհիկ անձ չի կարող ստանձնել թեմի առաջնորդի լիազորություններ։ Դատարանի որոշումը, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները՝ շրջանցելով եկեղեցական իշխանությանը, համարվում է սպառնալիք Եկեղեցու սեփականության իրավունքին և միջամտություն Եկեղեցու ներքին ինքնավարությանը։