Հայաստանում բացվել է բացառիկ մուլտիմեդիա նախագիծ, որը նոր կյանք է շնչել հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններին։ Այս նախագիծը, որը հաջորդում է Anima Exhibitions-ի նախորդ հաջողված «Ճամփորդություն արվեստում» ցուցադրությունը, թույլ է տալիս լսարանին ոչ միայն տեսնել, այլև զգալ ծովանկարչի անեզր երևակայությունը և տաղանդը։
Այս նոր ձևաչափի ցուցադրությունը ներկայացնում է Այվազովսկու շուրջ 300 ստեղծագործություն։ Այն ոչ թե պարզապես պատկերներ է ցուցադրում, այլ դրանք կենդանացնում է լույսի, ձայնի, շարժման և անիմացիոն տեխնոլոգիաների միջոցով։ 510 քմ մակերեսով ցուցասրահում, որը շրջապատված է 4 մետր բարձրությամբ էկրաններով, լսարանը կարծես տեղափոխվում է ծովի խորքերը՝ դառնալով Այվազովսկու կտավների անբաժանելի մասը։
Այս փորձառությունը թույլ է տալիս ոչ միայն վայելել ծովանկարչի ամենահայտնի կտավները՝ «Իններորդ ալիքը», «Սև ծովը», «Ալիքների մեջ» և այլն, այլև խորասուզվել նրա կյանքի և ստեղծագործական ուղու հետ կապված պատմական դրվագներին։ Ցուցադրությունը բացահայտում է Այվազովսկու կյանքի կարևորագույն դրվագներ, ինչպիսիք են Ղրիմում ապրած տարիները, եվրոպական շրջագայությունները, նրա հանդիպումները հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև բացատրում է, թե ինչպես են նրա կտավները հայտնվել Լուվրում և ի՞նչ կապ ունի Սան Ստեֆանոյի պայմանագիրը նրա ստեղծագործությունների հետ։
Այս 43 րոպե տևողությամբ ցուցադրությունը ոչ միայն մշակութային ժամանց է, այլև հնարավորություն է ծանոթանալ Այվազովսկու արվեստին նոր, առավել մտերմիկ և հարազատ կերպով։ Այն հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են արվեստը, պատմությունները և զգացողությունները։ Այս նախագիծը հատկապես տպավորիչ է լինելու երեխաների համար, քանի որ այն արվեստը դարձնում է հասկանալի, հետաքրքիր և անմոռանալի։
Ցուցադրությունը բաց է ամեն օր՝ 11:00-ից մինչև 21:00-ն, Աբովյան 16 հասցեում՝ Հայաստանի նկարիչների միությունում, և կգործի մինչև ապրիլի 2-ը։