ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղեկացվում է, որ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է որպես բավարար։

Նրանք արդեն անցել են բժշկական հետազոտությունների ամբողջական փաթեթ, որը ներառում է նաև նրանց առկա քրոնիկ հիվանդությունների հետ կապված բժշկական գնահատական։ Կազմակերպվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նրանց ընթացիկ առողջական խնդիրները լուծելու համար։

Անդրադառնալով ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո սրտի բաց վիրահատության ենթարկված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակին, նախարարությունը հայտնում է, որ նրա վիրահատությունը հաջողությամբ է ընթացել, և նա այսօրվա դրությամբ գտնվում է վերականգնողական փուլում։

ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ տեղահանված քաղաքացիներին ապահովվում են բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները։