«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկության արդյունքները, որոնք տեղի ունեցան փետրվարի 13-15-ը, մեծ դժգոհություն են առաջացրել կուսակցության շրջանակներում։ Ընտրական ցուցակում տեղ գրաված թեկնածուների հայտնվելու հերթական փուլում 1000-ի չափ պատվիրակների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 280 նախապես ընտրված անձանց միջեւ որոշվեցին տեղերը։

Հատկապես ուշագրավ եւ վիճահարույց են դարձել իջևանցի եղբայրների՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ստացած ձայները։ ՔՊ-ականների խոսքով՝ այս արդյունքները չեն արտացոլում թեկնածուների իրական ռեյտինգը, այլ ձեւավորվել են տարբեր ուղղորդումների եւ «տասովկաների» միջոցով։

Հայկ Ղալումյանը քվեարկության ընթացքում 308, իսկ Վահե Ղալումյանը՝ 298 ձայն է հավաքել, ինչը բավականին բարձր արդյունք է համարվում։ Չնայած նրանք երկար տարիներ շարունակ զբաղեցնում են բարձր պաշտոններ եւ համարվում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհներ, իրենց մարզում եւ կուսակցական թիմում նրանք սիրված չեն։

ՔՊ-ի ներքին շրջանակներում ընդունված է կարծիք, որ եղբայրների ռեյտինգը բավականին ցածր է։ Տեւական ժամանակ Հայկ Ղալումյանին պատրաստում էին խոշորացված համայնքի ղեկավար դարձնելու համար, սակայն ԺՊ-ում աշխատելու տարիներից հետո հասկացել են, որ նրան ընտրությամբ անցկացնել հնարավոր չէ։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը նրան ուղղակի իր հրամանով մարզպետ նշանակել է։

Իջևանում եղբայրներին ճանաչողները վստահ են, որ նրանց ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելը եւս Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ եւ ուղղորդմամբ է եղել։ Փաշինյանը նրանցից է, ում նա վստահում է։