Հնդկաստանը և Եվրամիությունը (ԵՄ) ստորագրել են քաղաքական հռչակագիր՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ նշելով, որ այս գործընթացը կամրապնդի երկու կողմերի միջև եղած համագործակցությունը մի շարք կարևոր ոլորտներում։
Ըստ վարչապետի՝ այս համագործակցությունը կամրապնդի միջազգային կարգին հավատարմությունը՝ հիմնված կանոնների վրա, և կստեղծի նոր հնարավորություններ պաշտպանական արդյունաբերության համատեղ արտադրության համար։ Նա նաև ընդգծել է, որ այս գործընկերությունը կարող է դառնալ «կայունացնող գործոն» միջազգային համակարգում՝ աշխարհում առկա անկայունության պայմաններում։
«Բազմակողմ դիվանագիտության և միջազգային նորմերի հարգումը մեր ընդհանուր առաջնահերթությունն է։ Այսօրվա պատմական գագաթնաժողովը այդ շրջադարձային պահն է»,- ասել է Մոդին՝ նշելով, որ այս համաձայնագիրը նաև խթան կհանդիսանա փոխադարձ ներդրումների համար և կամրապնդի մատակարարումների շղթաները գլոբալ մակարդակով։
Հնդկաստանը և ԵՄ-ն բանակցություններ են վարել ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ մոտ 20 տարի։ Քաղաքական հռչակագիրը նախատեսում է բանակցությունների շարունակությունը՝ նպատակ ունենալով ավարտել համաձայնագիրը։
Այս համագործակցությունը նաև ունի աշխարհաքաղաքական նշանակություն։ ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր ներկայությունը Հնդկաստանում՝ Չինաստանի ազդեցության աճի և Մերձավոր Արևելք-Կովկաս հաղորդակցային ենթակառուցվածքների վերաձևավորման պայմաններում։ Այս գործընթացը ստեղծում է նաև հնարավորություններ Հայաստանի Հանրապետության համար՝ օբյեկտիվորեն բարձրացնելով Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա և դրան հարակից այլընտրանքային երթուղիների արժեքը։ Հայաստանը կարող է զարգացնել իր շահերից բխող պրոյեկտներ՝ օգտվելով ԵՄ-Հնդկաստան համագործակցության հնարավորություններից։