Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտնել է, որ Նագպուրի Solar Defence and Aerospace Limited (SDAL) արտադրող գործարանից «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստան է ուղարկվել։
Այս քայլը կատարվում է ավելի վաղ ստորագրված պայմանագրի շրջանակում, որի համաձայն Հայաստանը պետք է ստանա չորս մարտկոց «Պինակա» համազարկային կրակի համակարգեր, ինչպես նաև կառավարվող հրթիռներ և այլ պաշտպանական սարքավորումներ։
Արձակման կայանքների մատակարարումները սկսվել էին արդեն 2023 թվականի հուլիսին և պլանավորված են ավարտվել մինչև 2024 թվականի նոյեմբերը։ Ըստ տեղեկացված աղբյուրների՝ հենց կառավարվող հրթիռների պատրաստ լինելու պահից SDAL ընկերությունը դրանք կուղարկի Հայաստան։
Մոտ օրերին նախատեսվում է «Պինակա» կառավարվող հրթիռների ներառումը Հնդկաստանի բանակի սպառազինության մեջ։