Իմ տեսակետը հիմնավորելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պետք է նշեմ, որ վարչապետի և 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարությունը և դրան հաջորդած քայլերը զուտ քաղաքական ակցիաներ են, որոնք չունեն որևէ առնչություն Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման հետ։

Հայաստանի Սահմանադրությունը հստակ սահմանում է պետության և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունները։ Ըստ Սահմանադրության 39-րդ հոդվածի, յուրաքանչյուր մարդ ազատ է անելու այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով կամ Սահմանադրությամբ։ Սա նշանակում է, որ պետությունը պետք է երաշխավորի կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, ոչ թե միջամտել դրանց ներքին գործերին։

Սահմանադրության 17-րդ հոդվածը ևս հստակ ամրագրում է, որ Հայաստանում երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Պետության դերը ոչ թե կրոնական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելն է, այլ այն երաշխավորելը։

Այս հասկացությունը հակասում է այն իրողությանը, որ երկրում պետական մակարդակով իրականացվում է արշավ, որը թիրախում ունի Հայ Առաքելական եկեղեցին և հատկապես կաթողիկոսին։ Այս արշավի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդները, որոնք հորդորում են հավատացյալներին մասնակցել պատարագներին և զեղչել կաթողիկոսի անունը։

Այսպիսով, պետության գործողությունները ոչ միայն խաթարում են եկեղեցու բնականոն գործունեությունը, այլև խախտում են ընդհանրապես երկրում գործող սահմանադրական կարգը։

ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը նույնպես հստակ սահմանում է պատասխանատվությունը։ Այս հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվություն է նախատեսված անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար, այդ թվում՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար։ Եթե նման արարքը կատարվում է պաշտոնատար անձի կողմից, դա դիտվում է որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։

Այսպիսով, պետության կողմից կրոնական կազմակերպության գործունեությանը միջամտելը ոչ միայն անօրինական է, այլև քրեապատիժ է ենթակա։ Պետությունը պետք է լինի հզոր հենարան եկեղեցու համար, ոչ թե դրա դեմ ուղղված քայլերի հեղինակ։ Համագործակցությունը պետք է կառուցվի այն արժեքների պահպանման և զարգացման հիմունքներով, որոնք ընդհանուր են պետության և եկեղեցու համար։