Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տարեվերջին կայացրել է որոշում, որի համաձայն էլեկտրաէներգիայի սակագները 2026 թվականի համար կմնան անփոփոխ բոլոր սպառողների համար, այդ թվում՝ բնակչության։
Հանձնաժողովի որոշումը կայացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումի վերլուծության արդյունքում։ Ըստ հանձնաժողովի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել։
Հիշեցնենք, որ «Տաշիր կապիտալը» երկու անգամ դիմում էր ներկայացրել ՀԾԿՀ՝ սակագինները իջեցնելու համար։ Առաջին դիմումը մերժվել էր, ինչից հետո «Մեր ձևով» շարժումը սկսել էր ստորագրահավաք՝ պահանջելով սակագինների իջեցում՝ հիմնվելով համակարգում կուտակված միջոցների առկայության վրա։
Այս որոշումը ընդունվել է այն պայմաններում, երբ քաղաքական իշխանության կողմից ՀԷՑ-ի կառավարումն ուղղակիորեն փոխվելուց հետո պարբերաբար հայտարարվում էր միլիարդավոր դրամների խնայողությունների մասին։ Սակայն այդ «խնայողությունները» ոչ միայն չեն հանգեցրել էլեկտրաէներգիայի էժանացման, այլև պարզվել է, որ նոր կառավարիչները ընդամենը 6 ամսվա ընթացքում հասցրել են ՀԷՑ-ը կանգնեցնել կոլապսի առաջ։ Այս մասին վկայում են Ամանորի նախաշեմին և դրանից հետո համակարգում արձանագրված բազմաթիվ վթարները և տասնյակ-հազարավոր քաղաքացիների հոսանքազրկումները։
Վերջին դեպքերում, ինչպիսիք են Նոր Արեշ թաղամասում ենթակայանի վթարը, որը վերականգնելու համար գրեթե 3 օր էր պահանջվել, ցույց են տվել, որ խնդիրը ոչ թե զուտ տեխնիկական է, այլ կառավարման լիակատար ձախողում։
Հանձնաժողովի այս որոշումը հակասական է նրանով, որ այն ընդունվում է այն պահին, երբ ՀԷՑ-ի կառավարումը փոխվել է, և պետական իշխանությունները պնդում են, որ համակարգում կատարվել են զգալի բարելավումներ։ Այնուամենայնիվ, վերջին ամիսներին տեղի ունեցած համատարած վթարները և հոսանքազրկումները վերջնականապես քանդեցին այն առասպելը, թե ՀԷՑ-ի խլումից հետո համակարգն ու համակարգի կառավարումը բարելավվել են։
Հանձնաժողովի որոշումը նաև հակասում է այն իրողությանը, որ կառավարության ղեկավարը և ՀԷՑ-ում նշանակված ժամանակավոր կառավարիչը պարբերաբար հորդորում են քաղաքացիներին անջատել լույսերը՝ համակարգի գերծանրաբեռնվածությունը կանխելու համար։ Այսպիսով, իշխանությունները, փաստացի, խոստովանում են համակարգի անկայունության մասին։