Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը կարող է ոչ միայն չվնասել, այլև օգնել Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Թուրքիայի՝ այդ երկու գործընթացները միմյանց կապելու հայտարարություններին։

«ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները տարբեր են, բայց քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա, և կարծում ենք, որ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի ՀՀ-Ադրբեջան գործընթացին, այլև կօգնի ու նոր ազդակ կտա»,- նշեց նա։

Ռուբինյանը նաև հավելեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում ահռելի առաջընթաց է գրանցվել, ինչը, նրա խոսքով, ավելի է ամրապնդում այս կարծիքը։ Նա նշեց, որ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը և ընդհանուր առմամբ գործընթացների դրական ուղղությունը վկայում են դրա մասին։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին, Ռուբինյանը նշեց, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին երրորդ երկրների ու դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար սահմանը բացելու մասին։

«Այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ ժամանակը գա, կասեմ։ Միայն կասեմ այն, որ հրապարակային է՝ թուրքական կողմն ասել է, որ վերականգնում է Ալիջանի անցակետը»,- նշեց նա՝ հավելելով, որ նման դեպքերում ավելի լավ է ինչ-որ բան լինի, նոր այդ մասին խոսվի։