Հայաստանը, որը մինչև 2020 թվականը տարածաշրջանում և աշխարհաքաղաքական ասպարեզում զգալի կշիռ ուներ, այս կշիռը ձևավորում էր ոչ թե պետությունը, այլ այն, ինչ հայերին առանձնացնում էր՝ հայկական գործոնը։ Այս գործոնի հիմքերը, որոնք դարձել էին հայկական պետականության և մշակութային ինքնության հիմնասյուները, ընդամենը հինգ տարվա ընթացքում կրճատվեցին մինչև մեկ՝ Հայ Առաքելական եկեղեցին։

Արցախը կորսվեց, Սյունիքը՝ «ինքնիշխանության» բարձր կարգախոսներով, վարձակալության է հանձնվել, հայկական ինքնությունը ենթարկվում է ամենակոպիտ հարվածներին, իսկ Սփյուռքը՝ որպես կենսունակ ինստիտուցիոնալ համակարգ, այլևս գոյություն չունի։ Այս ցանկի հստակությունը անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչու է հայկական իշխանությունը սկսել պատերազմ Եկեղեցու դեմ։

Իրականում, ֆունկցիոնալ առումով, Եկեղեցին մնացել է վերջին կառույցը, որն ամեն օր ավելի բարակող թելով կապում է այսօրվա ճղճիմ իրականությունը երբեմնի հայկական գործոնի հետ։ Եկեղեցին այլևս պարզապես հավատի հաստատատուն չէ, այլ վերջին պաշտպանը, որի անկումը կնշանակի հայկականության վերջնական կազմաքանդում։ ՀԱԵ-ի դեմ պայքարն այս պարագայում իրականում որևէ կապ չունի անձանց հետ, այլ 2020 թվականի պատերազմով սկսված հայկական գործոնի վերացման վերջին փուլն է։

Այս արշավի ժամանակագրությունը ևս պատահական չէ։ Նպատակն է մինչև ընտրություններն ավարտին հասցնել հայկական գործոնի վերջնական կազմաքանդման նախագիծը։

Այս համատեքստում Հայ Առաքելական եկեղեցին, անվանապես չմասնակցելով ընտրություններին, դառնում է առաջիկա ընտրական գործընթացի ամենաառանցքային դերակատարը։ Եկեղեցու պաշտպանությունը դառնում է նախընտրական օրակարգի ամենաառաջնային հարցը։ Սա նշանակում է, որ հունիսին կայանալիք ընտրությունը չի լինելու տարբեր գաղափարների մրցակցություն, այլ տեսակի ընտրություն՝ հայկական տեսակի պահպանման ու վերացման միջև ընտրություն։ Եկեղեցին, որ այս պարագայում սահմանագիծն է, ջրբաժանը, իր անելիքն անում է և վստահաբար անելու է նաև առաջիկա ամիսներին։

Անելիքի մնացած մասն արդեն քաղաքական ուժերինն է, որոնք այս պայքարում ավելի շատ չանելիք են, քան անելիք։ Նրանց չի պետք անել այն, ինչ ընդունված է անել սովորական ռեժիմի ընտրություններում՝ նախընտրական դաշինքներ, հաշվարկներ, մանդատների շուրջ առևտուր։ 2026 թվականի ընտրությունը դրանց մասին չէ։ Քաղաքական ուժերը պետք է ունենան մեկ անելիք՝ եկեղեցու պաշտպանությունը, որը նույնական է հայկականության, հայկական գործոնի պաշտպանությանը։ Դրա համար ոչ սոցիալ-տնտեսական ծրագրեր են անհրաժեշտ, ոչ էլ նախընտրական գզվռտոցներ։