Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու պահանջով «Հայաստան» դաշինքը շրջանառության մեջ է դրել նրան ՀՌՀ անդամի լիազորություններից զրկելու նախագիծ։

Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ սահմանված է։

Նախագծում նշված է, որ Հակոբ Մովսեսն Առաջին լրատվականին տված հարցազրույցում Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ) վիրավորող ու վարկաբեկող մի շարք արտահայտություններ է թույլ տվել, ինչը, նախագծի հեղինակների կարծիքով, «ՀՅԴ-ի նկատմամբ քարոզել է ակնհայտ ատելություն»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշում է, որ Հակոբ Մովսեսը պետք է ներկայանա Ազգային ժողով, եւ այդ հարցը քննարկվի։ Նրա խոսքով՝ նախագիծը հիմնավորվում է ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով, որոնք սահմանում են ՀՌՀ անդամների պարտականությունները։ Ըստ այդ հոդվածի՝ անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն հրապարակային ելույթներում։

«Փաստացի հակակոռուպցիոնն ընդունում է, որ խախտում տեղի է ունեցել», – ասում է Գալստյանը։ «Հակոբ Մովսեսը Դաշնակցության, Հայ առաքելական եկեղեցու հասցեին տարատեսակ գնահատականներ է տվել, որոնց իրավունքն ի պաշտոնե չունի»։

Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ նշում է, որ Հակոբ Մովսեսը չի ներկայացել Ազգային ժողով, ինչի պատճառով նիստը հետաձգվել է։ Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ուշադրությունը սեւեռել անկախ մարմնի ներկայացուցչի անթույլատրելի վարքագծի վրա։ «Մենք այս պարագայում մնացած պատասխանատվությունը թողնում ենք իշխող ուժի վրա, որն ունի ձայների մեծամասնություն եւ իր քվեներով որոշումներ է կայացնում։ Մեր գործառույթն այս պարագայում այն է, որ ցույց տանք, թե որքան սուբյեկտիվ, կողմնակալ ու անազնիվ, բոլոր տեսակի լծակները սեփական շահերի համար բանեցնող իշխանական ներկայացուցիչներով է շրջապատված գործող ուժը»։