Հայաստանում սպասվում է ձյան առատ տեղումներ, որոնք պայմանավորված են Միջերկրական ծովի շրջաններից մեր երկիր հասած ցիկլոնի ազդեցությամբ։ Օդերևութաբանական այս երևույթը կպահպանվի մինչև փետրվարի 4-ը ներառյալ։
Հանրապետության բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Երևանում, նախատեսվում է ձյան առատ տեղումներ։ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալների՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչը կարող է առաջացնել բուք։ Բուքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, նախատեսվում է մառախուղ։ Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում՝ 6-8 աստիճանով։