Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 489 հազար 31 մարդ։ Այս տվյալը հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հիմնվելով Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների վրա։
Համեմատելով այս թիվը 2021 թվականին նախընտրական ցուցակներում գրանցված ընտրողների թվի հետ՝ տեսնում ենք, որ այս տարի ընտրողների քանակը նվազել է մոտ 100 հազարով։ 2021 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմել էր 2 միլիոն 583 հազար 823։
Այս նվազումը հատկապես զարմանալի է այն հանգամանքի ֆոնին, որ 2021 թվականից հետո Հայաստան է ժամանել 100 հազարից ավելի արցախցի։ Նրանցից շատերը ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ ունեն իրավունք մասնակցելու Ազգային Ժողովի ընտրություններին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողացել բացատրել ընտրողների թվաքանակի նվազման պատճառը՝ հղում տալով ՆԳՆ-ի տվյալներին։ ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ սահմանահատումների սալտոն 2025 թվականին դրական է եղել։
Ընտրողների թվաքանակի նվազման հնարավոր պատճառների մասին մեր հարցմանը միգրացիոն փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը նշել է, որ նման նվազումը կարող է տեղի ունենալ միայն երկու հիմնական պատճառով․ առաջինը՝ ընտրողների ցուցակներից հեռացվում են մահացած մարդիկ, իսկ երկրորդը՝ մարդիկ, որոնք այլ երկրներում ստացել են քաղաքացիություն եւ դադարեցրել են իրենց հայկական քաղաքացիությունը։