Հայաստանում բացահայտվել է միջազգային ֆինանսական խարդախությունների մեջ մասնակցող հանցավոր կազմակերպություն, որի գործունեության հետևանքով տուժել են մի քանի երկրների քաղաքացիները։ Խմբի անդամները, տիրանալով տուժողների բանկային քարտերի տվյալներին, հափշտակել են նրանցից մոտ 411 միլիոն դրամ։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ խումբը ստեղծել է բարձր տոկոսով եկամուտ ապահովող ներդրումային կայքեր և հարթակներ, որոնց միջոցով մարդկանց հավատացրել է և խաբել՝ հրահրելով նրանց փոխանցել գումարներ իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին։ Այս գումարները հետո հափշտակվել են։ Հանցավոր կազմակերպության կողմից հափշտակվել են առնվազն 410 միլիոն 853 հազար դրամ։
Քրեական գործը քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ։
Խմբի ղեկավարը՝ նախկին պաշտոնյա
Հայտնի է, որ խմբի ղեկավարներից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ըստ աղբյուրների՝ կալանավորված անձը Արշակ Օրդուխանյանն է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ մեղադրվելով 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը այլ անձանց հետ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ։
Արշակ Օրդուխանյանը եղել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 4-ին։ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին նա ընդգրկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում, սակայն 2025 թվականի ապրիլի 9-ին ինքնաբացարկի դիմում էր գրել՝ այդպես էլ պատգամավոր չդառնալով։
Գործունեության սխեմա և համակարգվածություն
Քննչական մարմինները պարզել են, որ խմբի անդամները ներկայացել են կեղծանուններով՝ իբրև իրավաբաններ, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչներ, ֆինանսական պատասխանատուներ և կատարել համակարգչային հափշտակություններ։ Հայտնի է, որ խմբերը գործել են նույն սխեմայով և համակարգված։ Քննչական կոմիտեի հաղորդագրություններում նշված մեկ անձը, որը ՀՀ քաղաքացի չէ, բայց գտնվել է Հայաստանում, նույնպես կալանավորված է։ Հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորել են Նիդերլանդների, Իռլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին։