Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի սկզբին հայտնվել է ծանր խնդիրների առջև, որոնք, չնայած վերջին տարիներին արձանագրվող աճերին, այդպես էլ չհաջողվեց լուծել։ Չնայած պաշտոնական վիճակագրության տվյալներին՝ տնտեսության կառուցվածքը շարունակում է մնալ խոցելի, իսկ իրական զարգացումներն ու առաջընթացը բացակայում են։ Արտադրական հզորությունները չեն ավելանում, իսկ տնտեսական աճերը որակ չունեն։
Հայաստանի կառավարությունը չկարողացավ օգտագործել վերջին տարիների արտաքին նպաստավոր գործոնները՝ նոր հզորություններ ձևավորելու համար։ Արձանագրվող աճերը հիմնված չեն տնտեսության ներուժի ավելացման վրա, այլ փորձում են աճի պատրանք ստեղծել՝ օգտագործելով պատահական գործոններ։
Արդյունաբերության ոլորտում, որտեղ երկար ժամանակ անկում էր արձանագրվում, անցած տարվա վերջին տպավորություն ստեղծվեց, թե դրական զարգացումներ են տեղի ունենում։ Սակայն այս տպավորությունը խաբուսիկ էր։ Արդյունաբերությունը դուրս եկավ անկումից ոչ թե բուռն զարգացումների, այլ նախորդ շրջանում արդեն ցուցաբերված հայտնի գործոնի արդյունքում՝ տարեվերջին կրկին զգացնել տվեցին արտաքին ազդեցությունները։
Արդյունաբերության անկումից դուրս գալու հիմքը դարձավ գերազանցապես մշակող արդյունաբերության ճյուղերից մեկի՝ հիմնային մետաղների արտադրության կտրուկ ակտիվացումը, որը ուղղակիորեն կապված էր ոսկու «արտադրության կամ վերամշակման» ծավալների ձևական աճերի հետ։ Արդյունքում, արդյունաբերությունը արտաքուստ հաղթահարեց նախորդ շրջանի անկումները, բայց դա տեղի չունեցավ ոլորտի իրական զարգացումների հաշվին։ Երբ ոսկու թաքնված աճերը դադարեն, արդյունաբերությունը կրկին կհայտնվի նախկին վիճակում։
Այսպիսի աճերը մեր տնտեսությանը զարգացումների առումով ոչինչ չեն տալիս, բայց թույլ են տալիս իշխանություններին աճի տպավորություն ստեղծել և չեղած զարգացումների վերաբերյալ հասարակությանը խաբել։
Հայաստանի տնտեսության աճերի հիմքում վերջին տարիներին առաջնային դեր է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ թե՛ զուտ տնտեսական, և թե՛ ֆինանսական առումով։ Պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության ու սպառողական շուկաների որոշ հատված սպասարկվել է Հայաստանի միջոցով, ինչն էապես ազդել է առանձին ճյուղերում աճի բարձր մակարդակների ձևավորման վրա։ Դա տեսանելի էր արտաքին առևտրի և հատկապես ֆինանսական ոլորտի միջնորդությունների կտրուկ ավելացումների տեսքով։
Այդ գործոնները, թեև որոշ չափով թուլացել են, շարունակում են բավական մեծ բաժին կազմել Հայաստանի տնտեսության ցուցանիշների մեջ։ Հակամարտության կարգավորվելու դեպքում, որի նշանները աստիճանաբար ուրվագծվում են, Հայաստանի տնտեսությունը լուրջ կորուստներ է կրելու։ Այս կորուստներին կարելի է առնչվել արդեն այս տարվա ընթացքում՝ հատկապես արտաքին առևտրի և ֆինանսական ոլորտներում։
Նախորդ տարի Հայաստանի արտաքին առևտուրը մեծապես կրճատվեց՝ պայմանավորված ռուսական ապրանքների Հայաստանով վերահասցեագրումների ծավալների կրճատմամբ։ Փոխարենը՝ պահպանվեցին Հայաստանով ռուսական շուկայի ապրանքային մատակարարումները, ինչը նկատելի է նաև բանկային փոխանցումների ոլորտում։ 4 մլրդ դոլարից ավելի առևտրային փոխանցումներ կատարվեցին, որոնք ֆինանսավորում են հիմնականում Ռուսաստանի սպառողական շուկայի մատակարարումները։
Հավանականությունը մեծ է, որ այս տարի, հակամարտության սպասվող դադարից հետո, ինչպես բանկային համակարգով իրականացվող ֆինանսական շարժերը, այնպես էլ՝ ապրանքային մատակարարումները կկորցնեն իրենց դերը։ Դա էական ազդեցություն կթողնի տնտեսության աճի ցուցանիշների վրա, որովհետև փոխարինող հզորություններ այս տարիներին այդպես էլ չստեղծվեցին։ Ռուս-ուկրաինական հակամարտության ընձեռած հնարավորությունները ծառայեցին իշխանությանը մոտ կանգնած որոշ գործարարների կարողությունների ավելացմանը՝ ոչ միայն առևտրային, այլև ֆինանսական հոսքերի սպասարկման միջոցով։
Արդյունաբերության իրական զարգացումների ու արտադրական ծավալների ավելացման փոխարեն՝ տնտեսական աճերի ամենամեծ բաղադրիչներից մեկն էլ շինարարությունն է։ Սակայն շինարարությամբ տնտեսության լուրջ զարգացումներ չեն կարող ակնկալվել, քանի որ այն ոլորտն է, որն արտահանման ուղղվածություն չունի։
Դրա հետևանքով չնայած արձանագրվող տնտեսական աճերին, ներքին տնտեսության արտահանման ծավալները գրեթե չեն ավելանում։ Վերաարտահանումների վրա հիմնված տնտեսական ու առևտրային աճերը ոչ մի արժեք չունեն, եթե ներքին տնտեսության մեջ զարգացումներ ու առաջընթաց չկա։ Սա ամենակարևոր խնդիրն է, որին բախվել է Հայաստանի տնտեսությունը։