Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ ներկայումս Հայաստանի շուրջ գոյություն ունի այնպիսի ներդրումային մթնոլորտ, որտեղ գումարները ոչ թե Հայաստանն է փնտրում, այլ Հայաստանն է գումարների հետևից գնում։ Այս պնդմանը որպես օրինակ բերվել է Հայաստանի պարտատոմսերի (եվրաբոնդերի) պահանջարկի բարձրացումը և դրանց վրա տոկոսի դրույքների նվազումը։
Սա, թերևս, լավ լուր է, եթե այն իրական է, այլ ոչ թե հերթական քարոզչական խաղ։ Սակայն, պարտատոմսեր վաճառելը, որպես արտաքին պարտքի ներգրավման միջոց, ինքնին չի կարող համարվել ներդրումային գրավչության վկայություն։ Դա պարզապես արտաքին պարտքի ծավալը ավելացնելու մի եղանակ է։
Հետևաբար, այս իրադարձությունը ներկայացնել՝ որպես Հայաստանի ներդրումային ոլորտի բարգավաճում, տնտեսական տեսանկյունից, մեղմ ասած, անհամապատասխան է։ Քարոզչական առումով՝ դա մանիպուլյատիվ է։
Իրականում, այս օրինակը ոչ թե այն մասին է, որ գումարներն ընկել են Հայաստանի հետևից, այլ այն մասին է, որ Հայաստանն է ընկել փողի հետևից, և դա՝ պարտքի միջոցով։
Ինչո՞ւ է Հայաստանն ընկել պարտքով փողի հետևից։ Պատասխանը պարզ է՝ չկան արտաքին ներդրումներ։ Երբ երկրում բացակայում են խոշոր, կայուն ներդրումային ծրագրեր, պետությունը ստիպված է դիմում է արտաքին պարտքի։ Իսկ պարտք տալիս են, քանի որ պարտքը նաև քաղաքական ազդեցություն է։ Առավել ևս, որ Հայաստանին տված պարտքը մեծ գումար չէ, որպեսզի պարտք տվողը զգույշ լինի։
Իսկ գումարների՝ Հայաստանի հետևից ընկնելու իրական վկայություն կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերում կներկայացներ կոնկրետ, անվանական ներդրումային ծրագրեր, որոնք կունենային ոլորտային բաժանում։ Այդպիսիք, սակայն, բացակայում են։ Արտաքին ներդրումային ծրագրերի օրինակները նվազում են, իսկ ներդրումային վիճակագրությունը՝ նույնպես։
Հայաստանի ներդրումային միջավայրը, չունենալով «բնական գրավչություն», որը կառուցվում է կոնկրետ աշխատանքի և դրական պատմությունների վրա, պահանջում է կառավարության ինտենսիվ աշխատանք՝ խոշոր ներդրողների ձեռքը բռնելու համար։
Մինչդեռ, Հայաստանի կառավարությունը հակառակ օրինակ է ցուցաբերել՝ հիասթափեցնելով հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Էյր Արաբիան և Մասդարը, որոնք ունեին խոշոր պայմանավորվածություններ, իսկ այսօր պարզապես դժգոհում են անպատասխանատու վերաբերմունքից։
Ավելին, կառավարությունը ցույց է տվել, որ կարող է քաղաքական նկատառումներից ելնելով՝ ոտնահարել սեփականության իրավունքը։ Սա ևս չափազանց վատ ազդակ է միջազգային ներդրողների համար։ Ներդրումները ոչ միայն չեն փնտրում այդպիսի կառավարություններ, այլև ձգտում են հեռու մնալ դրանցից։
Հայաստանի դեպքում սա կրկնակի խնդրահարույց է, երբ տեսնում ենք, թե Ադրբեջանի իշխանությունը ինչպիսի կայուն աշխատանք է կատարում ներդրողների հետ՝ իր հավակնությունների պայմաններում։