Իմ վերլուծության համաձայն՝ ներկայիս իրավիճակը շտկելու համար Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի վերադարձ նախագահական կառավարման մոդելի։

Այս եզրահանգումը հիմնված է այն փաստի վրա, որ իշխանությունը, իրեն իրավունք տալով լծակներ տալ բոլոր պետական հիմնարկներին, ներառյալ դատական համակարգը, իր քմահաճույքով շարժվում է դեպի երրորդ ժամկետի վերընտրում։ Սա ցույց է տալիս վարչապետական կառավարման մոդելի անարդյունավետությունը, որը, իմ կարծիքով, նորանկախ Հայաստանի մեծագույն սխալներից մեկն է։

Հայաստանը, իմ համոզմամբ, երբեք չէր նախատեսվել, որպեսզի արդյունավետ գործունեություն ծավալի խորհրդարանական կառավարման և վարչապետի ինստիտուտի համակցված մոդելով։ Այս մոդելը, որը փոխակերպվեց նորանկախ Հայաստանում, իրեն չարդարացրեց։

Առաջիկա ընտրություններին հաջողության հասնելու համար ամենաառաջնային պայմանը հասարակության լայն մասնակցությունն է։ Ընտրության չգնալով՝ մարդիկ իրենց ոչ թե անմեղ, այլ ակտիվորեն վնաս են հասցնում։ Ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության բարձր ցուցանիշի պարագայում աճելու է նաև ընդդիմադիր ուժերի հավաքած ձայների տոկոսները։ Այդ ամենը, իր հերթին, կստեղծի հնարավորություն մանևրելու և, ըստ անհրաժեշտության, Գյումրիի սցենարով դաշինքներ կազմելու։

Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա, և Ազգային Ժողովում պետականամետ ուժերը կլինեն մեծամասնություն, կարող ենք այս հարցը բերել օրակարգ և մեկնարկել հանրային լայն շրջանակների հետ կոնսուլտացիաների ու քննարկումների գործընթաց։ Սա կդառնա հնարավոր, եթե իշխանությունից դժգոհ քաղաքացիները ցուցաբերեն իրական ակտիվություն։ Ինչևէ, եթե նրանք շարունակեն նստել տներում, չգնան ընտրության, մտածելով, որ «մեկ ա բան չենք կարա փոխենք», և շարունակեն միայն ֆեյսբուքում ստատուս գրելով բողոքել, ոչինչ էլ չի փոխվի։