Ամերիկյան միջնորդությամբ ստորագրված TRIPP-ի գործարքն էապես կթուլացնի Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել երկիրը։ Այս տեսակետը ներկայացված է ամերիկյան «Կոմպակտ» ամսագրում հրապարակված հոդվածում, որի հեղինակն է Սուրբ Պատրիկի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Մեթյու Դալ Սանտոն։

Հոդվածում նկարագրվում է իրադարձությունների շղթան, որը սկսվեց 2018 թվականին՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու չորս արքեպիսկոպոսի կալանավորումից և Կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ մեղադրելու փորձից։ Այս հակաեկեղեցական քաղաքականությունը, ըստ հեղինակի, հասունացավ մինչ օրս չտեսնված ինտենսիվությամբ։

Այս համատեքստում նշվում է օգոստոսի 8-ին կնքված «խաղաղության համաձայնագիրը», որի համաձայն Հայաստանն իր դաշնակից Իրանի հետ սահմանը ձևավորող Արաքս գետի ձախ ափից տարածքի մի հատված (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը») 99 տարով վարձակալության է տալու Միացյալ Նահանգներին։ Այս միջանցքը նախատեսվում է օգտագործել ավտոճանապարհներից, երկաթուղուց և հնարավոր է, նաև նավթատար ու գազատար խողովակաշարերից բաղկացած տրանսպորտային միջանցքի համար։ Այնուհետև Միացյալ Նահանգներն այդ ենթակառուցվածքները կտրամադրի Ադրբեջանական Հանրապետության և նրա Նախիջևան էքսկլավի միջև։

Հեղինակը նկատում է, որ արևմտյան մամուլում այս համաձայնագիրը լայնորեն գովաբանվում է, մինչդեռ Հայաստանում մարդիկ այն ընդունում են ծայրահեղ անհանգստությամբ։

Դալ Սանտոն փորձում է գտնել տրամաբանական կապը 2023 թվականին կորցրած Արցախի, Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման» ձգտումների, TRIPP-ի համաձայնագրի և Հայաստանի արևմտականացման քաղաքականության միջև։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, որը հայերին ներկայանում է որպես խաղաղարար, իր տեղական քննադատներին, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցուն, դիտարկում է որպես իրենից անհրաժեշտ ընդդիմություն։

Հեղինակը նշում է, որ Փաշինյանը հունիսի 26-ին հայտարարել է եկեղեցականների հանձնաժողով ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոս ընտրելու նպատակով, ինչը նա համարում է հոգևոր Հայաստանը քաղաքականից անջատելու փորձ։ Նրա խոսքով՝ այս քաղաքականությունը փորձում է իրարից անջատել հայկական ինքնության հոգևոր ու քաղաքական բաղադրիչները՝ դեպի Արևմուտքի «հարգի» մշակույթը կողմնորոշվելու նպատակով։

Պրոֆեսորը նաև նկատում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում բազմապատկվել են հետքրիստոնեական և հետազգային ապագայի նշանները, ինչպիսիք են հնդիկ և այլ ազգերի հազարավոր աշխատանքային միգրանտների ներգրավումը։

Այս ամենը, ըստ հեղինակի, վերադարձնում է մեզ Սպիտակ տանը կնքված գործարքին։ Նա նշում է, որ Փաշինյանին հաջողվել է այն, ինչ չի հաջողվել Հայաստանի որևէ առաջնորդ իրենից առաջ՝ ԱՄՆ-ի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունը, որը նա համարում է Կովկասում ամերիկյան ամենաառարկայական հանձնառությունը։ Սակայն այս գործարքը, նրա կարծիքով, էապես թուլացնում է Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել երկիրը։

Հեղինակը եզրակացնում է, որ ամենամեծ հաղթողը Թուրքիան է, իսկ ամենամեծ պարտվողը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյատևման հեռանկարը։ Այսպիսով, Թուրքիան կկարողանա ապրանքներ, զորք ու ռազմական տեխնիկա տեղափոխել ցամաքային ճանապարհով արևելյան Անատոլիայից Կասպից ծով, ինչը կուժեղացնի նեոօսմանյան գերիշխանությունը Կովկասում և կդարձնի Հայաստանը թուրքական ազդեցության ոլորտում կղզի։