Հայաստանը գտնվում է բարդ և կարևոր քաղաքական խաչմերուկում, որտեղ երկու հիմնական ինտեգրացիոն միավորումների՝ Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հնարավորությունը միմյանց հակասում է։ Այս հարցը, որը բազմիցս քննարկվել է ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, դարձել է երկու երկրների հարաբերությունների և Հայաստանի ներքին քաղաքականության հիմնական թեմաներից մեկը։
Այս հարցին անդրադառնալով, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի ԵՄ-ի փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Նրա խոսքով՝ «Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»։
Այս հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը պարզ է՝ ԵՄ-ին անդամակցությունը և ԵԱՏՄ-ին անդամակցությունը միմյանց անհամատեղելի են։ Այս մասին հստակեցնելով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։
Հայաստանի կողմից այս հարցին մոտեցումը բազմաշերտ է։ Իշխանությունները հաստատակամորեն հայտարարում են ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին, հավատարիմ մնալով բարեփոխումների օրակարգին։ Սակայն նույնիսկ այս ճանապարհով ընթանալիս Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանը կարող է չդառնա ԵՄ անդամ, սակայն մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է։
ՀՀ իշխանությունների մարտավարությունը, որը դարձել է ակնհայտ, կայանում է ԵԱՏՄ-ից չլքվելու և դրա օգուտներից օգտվելու միաժամանակ քաղաքական հարաբերությունները խորացնելու ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ։ Այսպիսով, Հայաստանը փորձում է պահպանել քաղաքական որոշակի հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն չձգտել քաղաքական վստահության։
Սակայն այս հավասարակշռված մոտեցումը դիմակայում է իրական խնդիրներին։ Օրինակ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12,4 միլիարդ դոլար, մինչդեռ այս տարի այն հավանաբար կկազմի ընդամենը 6 միլիարդ դոլար։ Նա նաև հավելել է, որ «ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց»։ Այս իրավիճակը կարող է ցույց տալ, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը Հայաստանի համար այլևս այնքան շահավետ չէ, որքան երկու կամ երեք տարի առաջ էր։
Այս ամենի ֆոնին առաջանում է հարցը՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը թույլ կտա՞ ՀՀ իշխանություններին «երկու աթոռի վրա նստել»։ Եթե ոչ, ապա ի՞նչ որոշում ստիպված կլինեն կայացնել ՀՀ իշխանությունները՝ հրաժարվելով եվրաինտեգրացիայի աղոտ հեռանկարի՞ց, թե՞ ԵԱՏՄ-ի օգուտներից։ Այս հարցի պատասխանը կորոշի Հայաստանի ապագան և երկրի դերը տարածաշրջանում։