ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հատկապես բարձր տեխնոլոգիական ոլորտում։

Ես շնորհավորեցի դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովուրդների բարեկամության և մշակութային ավանդույթների վրա, ամուր հիմք են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման համար։ Ընդգծեցի, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները զարգանում են դրական մթնոլորտում, իսկ բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր դեր են խաղում համագործակցության հետագա խորացման գործում։

Դեսպան Նիկոլա Նիկոլովը նույնպես նշեց, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերը և մշակութային փոխըմբռնումը բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման համար ամուր հիմք են։ Նրա խոսքով՝ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը կարող է նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը։

Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր, որոնք ուղղված են համագործակցության խորացմանը։ Կողմերը հատկապես անդրադարձեցին ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը, հայկական հաջողված նախաձեռնությունների արտահանմանը և Բուլղարիայում ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հեռանկարներին։ Ընդգծվեց Sofia Tech Park-ի և ԹՈՒՄՕ-ի միջև համագործակցության ակտիվացման կարևորությունը։

Քննարկվեցին նաև նախարար Հայրապետյանի գլխավորությամբ, որպես միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պատվիրակության՝ Սոֆիա կատարած այցի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ռազմավարական ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները։ Այս ուղղություններից են արհեստական բանականությունը, տիեզերական հետազոտությունները, թվային առողջապահությունը, կենսատեխնոլոգիաները, տեխնոլոգիական նորարարությունները, գիտահետազոտական գործունեությունը, ինչպես նաև ՏՏ մասնագետների փոխանակումը և ստարտափ էկոհամակարգի զարգացումը։

Կողմերը վերահաստատեցին երկկողմ համագործակցության ընդլայնման իրենց պատրաստակամությունը և պայմանավորվեցին ձեռնարկել գործնական քայլեր՝ առաջիկա ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով։