Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով քրդական շրջաններից տեղահանումները շարունակվում են։ Այս մասին ես ասում եմ՝ Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր և Բերիո հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև բախումներ սկսվեցին։ Գնդակոծության տակ էին հայտնվել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա քրդաբնակ շրջանները։
Այս պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է՝ համեմատած երեկ գիշեր տեղի ունեցած բախումների հետ։ Ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ։
Հայ համայնքը մարդկային կորուստներ չի ունեցել, բայց նյութական վնասներ է կրել։ Համայնքը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապաստան տալ այն հայ ընտանիքներին, որոնք իրենց տներում ապահով չեն զգում կամ նրանց տները մոտ են բախումների գոտուն։ Համայնքի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար հասանելի է տրվել հեռախոսահամար։
Այս պահին փողոցները գրեթե դատարկ են։ Բացի քրդական շրջաններից, այլ տեղերում տնից դուրս գալու արգելք չկա, բայց ժողովուրդը շատ զգուշավոր է։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին տեղի ունեցած բախումների հետևանքով Հալեպում զոհվել էին 4 մարդ, իսկ վիրավորվել՝ 26-ը։