Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ներկայիս իրավիճակում հայ բնակչության համար ծառայում է որպես ապաստան։ Այս մասին ինձ հետ զրույցում հայտնեց Հալեպում բնակվող Անի Պողիկյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցին պատրաստ է ապահովել բժշկական օգնություն։ «Եթե անհրաժեշտություն լինի, և որևէ մեկը վիրավորվի, Օգնության խաչի կողմից կառուցված դարմանատունը կտրամադրի անհրաժեշտ բուժօգնությունը»,- նշեց նա։
Հայերի շրջանում տուժածների մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։
Հալեպում տեղի ունեցած ռազմական բախումների հետ կապված, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ շարունակում է իր աշխատանքը՝ ծառայություններ մատուցելով Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներին։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանի մարդ վիրավորվել է։ Բախումները տեղի են ունենում Սիրիայի կառավարական զորքերի և քրդերի կողմից ստեղծված Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։