Այսօր՝ փետրվարի 16-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել ծանր դեպք, որի հետևանքով մեկ քաղաքացի ստացել է հրազենային վնասվածք։

Իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների համաձայն՝ ժամը 20։30-ի սահմաններում Նաիրիի բաժնում և Կոտայքի մարզային վարչությունում միաժամանակ ստացվել են զանգեր, որոնք տեղեկացնում էին շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված հրազենային վնասվածքով քաղաքացու մասին։

Դեպքի վայրին անմիջապես ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Վարդան Խաչատուրյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը։

Բժիշկները հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորը ստացել է հրազենային վնասվածք ձախ ոտքի հատվածում և գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանության կատարած նախնական հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30–40 մետր հեռավորությունից կրակոց է արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ փախուստի է դիմել։

Դեպքի վայրին ժամանել են նաև Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Աֆթանդիլ Առաքելյանն ու պարեկ Տիգրան Խեչումյանը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Համբարձում Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները և դեպքի վայրում եղած մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ մոտոցիկլավարը նույնպես տուժող է։

Մինչ քննիչները և քննչական կոմիտեի փորձագետը աշխատում էին դեպքի վայրում, Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են կրակոցներ արձակողին, ում տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի, կրակոցներ արձակողի և ավտոմեքենաների սեփականատերերի ու մոտոցիկլավարի ինքնությունը։