Դեկտեմբերի 28-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում բողոքի մասշտաբային ակցիաները շարունակվում են։ Դժգոհության հիմնական պատճառները տնտեսական բնույթի են՝ կապված փոխարժեքի կտրուկ տատանումների և գների բարձրացման հետ։ Ըստ Իրանի կենտրոնական բանկի տվյալների՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, իսկ ազգային արժույթը՝ ռիալը, զգալիորեն արժեզրկվել է։ Բողոքի ակցիաները մի շարք քաղաքներում վերածվել են ոստիկանության հետ բախումների։

Այս իրադարձությունները արագորեն գրավել են համաշխարհային ուշադրությունը, հատկապես արևմտյան և թյուրքական մամուլի։ Տեղեկատվական հոսքը հաճախ ուղեկցվում է ակնարկներով, որոնք ներկայացնում են իրավիճակը՝ որպես անդառնալի։ Տեսանյութեր են տարածվում, որոնք իբրև թե ցուցարարները վերցրել են մի քանի քաղաք, իսկ իշխանությունները խուճապի մեջ են։ Որոշ աղբյուրներ նույնիսկ պնդում են, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է փախուստի դիմել։

Սակայն Իրանից ստացվող պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բողոքի հսկայական ալիքը մեղմվել է, և մթնոլորտը հանգիստ է դարձել։ Ըստ նույն աղբյուրների՝ ցուցարարների շարքում առկա են սադրիչներ, որոնք փորձում են սրել մթնոլորտը և անկարգություններ հրահրել։ Նրանց արևմտյան հովանավորները, ըստ նույն փոխանցումների, ցուցաբերում են լուրջ տեղեկատվական աջակցություն՝ իրավիճակը ավելի սուր ներկայացնելու և կեղծ տեսանյութեր տարածելու նպատակով։

Իրանի իշխանությունները չեն հերքում, որ երկրում տնտեսական խնդիրներ կան, որոնք, նրանց կարծիքով, առաջացել են Արևմուտքի կողմից սահմանված խիստ պատժամիջոցների հետևանքով։ Պետական մարմինները ընդունում են, որ տնտեսական ճգնաժամը իրական է, և ձգտում են գտնել դրանից ելքեր՝ հասարակության բողոքը թուլացնելու և տնտեսական իրավիճակը կարգավորելու համար։

Այս իրադարձությունների ֆոնին ադրբեջանական մամուլում հանդիպում են էյֆորիկ կարծիքներ, որոնք Իրանի ներքին խնդիրներից օգտվելու հրապարակային կոչեր են հնչեցնում։ Քաղաքագետներ նշում են, որ նման դրսևորումներն ակնհայտորեն կապված են աշխարհաքաղաքական շահերով։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշել է, որ Իրանը նախկինում հաղթահարել է նման բազմաթիվ բողոքի ալիքներ, և ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը ևս կհաղթահարվի։ Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակի խորքային գնահատականը պետք է կատարվի՝ հաշվի առնելով, որ տնտեսական խնդիրները ունեն աշխարհաքաղաքական պատճառներ։

«Արևմուտքի հետ սրված հարաբերություններն ու պատժամիջոցները, ինչպես նաև 12-օրյա պատերազմը, որը խորացրեց երկրի խնդիրները, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, Իրանի համար ստեղծել են բարդ իրավիճակ։ Պետք է հասկանալ, որ նման դրսևորումներից խուսափելու համար պետք է կենտրոնանալ այդ խնդիրները լուծելու վրա, քանի որ պատժամիջոցները ոչ միայն պատժամիջոց են, այլև գործիք՝ ներքին իրավիճակը խաթարելու համար»,- նշել է Նադեին-Ռաևսկին՝ հավելելով, որ Իրանի իշխանությունները ձգտում են երկխոսության։

Քաղաքագետը նաև նշել է, որ Իրանի ներքին իրադարձությունների բացասական ընթացքը կարող է էական հետևանքներ ունենալ Հարավային Կովկասի համար, քանի որ Իրանը շարունակում է լուրջ դերակատար մնալ ռեգիոնում՝ առաջ մղելով հայ-իրանական շահերը։

Ի վերջո, Իրանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները հիշեցնում են, որ գլոբալ պատերազմի ժամանակաշրջանում տեղեկատվական պատերազմը հաճախ գերազանցում է իրականությունը, և հանրությանը պահանջվում է ունենալ բարձր մակարդակի մեդիագրագիտություն՝ տարբերակելու ճշմարտությունը կեղծիքից։