Իրանում ընթացող իրավիճակը, իմ կարծիքով, վտանգավոր է դառնում։ Թեհրանում և Իրանի մի շարք այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները սրել են երկրի ներքին քաղաքական լարվածությունը։
Վերջին երեք-չորս տասնամյակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը, թերևս, երբեք այսքան վտանգված չի եղել։ Այս գիշերն ու վաղվա օրը կարող են որոշիչ լինել։ Իրանի իշխանությունները, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ամենայն հավանականությամբ, կփորձեն ամենակոշտ միջոցներով ճնշել ընթացող խռովությունը։
Եթե նրանց չհաջողվի ճնշել այս ցույցերը, իրավիճակը կարող է զարգանալ անկանխատեսելի սցենարով՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի, երկրի տրոհման, արտաքին ներխուժման կամ զանգվածային արտագաղթի։
Իրանի ներքին անկայունությունը լուրջ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար։ Իրանը 2021 թվականից մինչ այժմ եղել է այն երկիրը, որը զսպում էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Սյունիքի նկատմամբ։ Իրանի իշխանությունների վախճանը կամ նրանց վերահսկողության կորստը կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից տարածքային պահանջների ակտիվացմանը։
Այս պահին, սակայն, ՀՀ իշխանությունները, փոխանակ զորուգիշեր մտահոգվելու երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու հրատապ միջոցառումներով և ժողովրդին համախմբելով, իրենց ուժերը ծախսում են Հայոց եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ աղանդավորական խաչակրաց արշավներ կազմակերպելու վրա։ Այս պահը պահանջում է բարձրագույն զգոնություն և սթափ հաշվարկ։