Օրերս էկոնոմիկայի նախարարը հերթական «աշխարհացունց» գրառում էր արել՝ այս անգամ ներդրումների աննախադեպ աճերի վերաբերյալ։ Փորձել էր տպավորություն ստեղծել, թե ներդրումներն արդեն ողողում են Հայաստանը։ «2025-ին՝ 2024-ի համեմատ, Հայաստանում ընդամենը ներդրումներն աճել են 88 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ»,- գրել էր նախարարը։

Իհարկե, խնայել էր քաղաքացիներին և ներդրումների կոնկրետ թվերը չէր հրապարակել, այլապես գուցե գտնվեին մարդիկ ու հարցնեին, թե ո՞ւր են գնացել այդ ներդրումները, եթե դրանց արդյունքները տնտեսության մեջ չեն երևում։

Իրականում, Հայաստանի տնտեսության վիճակը վերջին տարիներին ոչ թե բարելավվել է, այլ վատացել է։ Իրական տնտեսության որակը գնալով իջնում է, իսկ մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում նվազում է։ Այս իրավիճակը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ իրական տնտեսության մեջ ներդրումներ գրեթե չեն կատարվում։

Այս հոդվածում կանդրադառնանք կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում տեղ գտած ևս մեկ ուշագրավ և միաժամանակ խնդրահարույց արձանագրմանը։ Այն վերաբերում է զեկույցի 8-րդ էջում տեղ գտած հետևյալ ձևակերպմանը. «Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 2021-2025թթ. փաստացի իրականացվող, ինչպես նաև ստորագրված, հաստատված և առաջիկայում մեկնարկող ծրագրերի հանրագումարը կազմել է շուրջ 900 մլն եվրո»։

Սակայն, եթե խորքային վերլուծության մեջ մտենք, պարզ կդառնա, որ այս 900 մլն եվրոն, որը ներառում է նաև վարկերը, իրականում շատ փոքր գումար է իրական տնտեսության համար։

Անցած ամբողջ տարվա ընթացքում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 34 մլրդ դրամ, որը վերածելով տարադրամի՝ կստացվի հազիվ 89 մլն դոլար։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 93 մլրդ դրամ կամ 244 մլն դոլար։

Այս թվերը շատ ցածր են, և դրանց մեծ մասը վարկեր են, որոնք ներառված են ընդհանուր ներդրումների մեջ։

Արդյո՞ք միլիարդների ներդրումներ են պետք, եթե դրանց արդյունքները այսպիսին են։ Դրանից արդյունաբերությունը լավացել է՞, թե՞ գյուղատնտեսությունը։ Իրականում, անցած գրեթե ամբողջ տարին արդյունաբերությունը անկումով էր գնում, միայն տարեվերջին, երբ ռուսական ոսկու վերաարտահանումներն օգնության հասան, արդյունաբերությունը դուրս եկավ անկումից։

Ներդրումների առումով կարևորն իրական տնտեսությունն է, որտեղ, ինչպես տեսնում ենք, չնչին ներդրումներ են կատարվում։ 2024թ. իրական տնտեսության մեջ նույնիսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների արտահոսք տեղի ունեցավ։

Այսպիսի իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ քաղաքական իշխանությունը վերջին տարիներին ուղղակիորեն խառնվում է բիզնեսի գործերին, խոչընդոտներ է ստեղծում բիզնեսի գործունեության համար, անհայտ ճանապարհներով նվիրատվություններ է ստանում, փայ է մտնում, բիզնես է խլում խոշոր ներդրողից։ Այդ ամենը գալիս է ապացուցելու, որ ներդրողները Հայաստանում անպաշտպան են, ներդրումների պաշտպանության համար իրավական մեխանիզմները չեն գործում կամ գործում են ըստ հայեցողության։

Այսպիսի երևույթներն անթույլատրելի են բիզնեսի ու ներդրողների համար։ Դրա համար իրական տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ շատ քիչ են արվում։ Եղածն էլ հիմնականում գործող բիզնեսներում են։ Այն էլ մեծամասամբ նույն ոլորտներում՝ ընդերքի շահագործում, էներգետիկա, օդային տրանսպորտ։ Մյուս ճյուղերում ներդրումներ գրեթե չկան կամ շատ փոքր են։

Այսպիսով, «աշխարհացունց» հայտարարությունները, որոնք հաճախակի հնչում են պետական մակարդակով, հակադրվում են իրականությանը, որտեղ ներդրումների բացակայությունը վերածվել է Հայաստանի տնտեսության ամենախոշոր խնդրերից մեկի։