Հայաստանում ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտության և ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վերականգնման հարցերը դարձել են առավել ակտուալ, քանի որ իշխանությունն ակտիվորեն քաղաքական մթնոլորտում ապատիայի և անտարբերության մթնոլորտ է ստեղծում։ Այս կարծիքը հայտնեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ վերլուծելով ներկայիս քաղաքական իրավիճակը։

Ըստ Անանյանի՝ իշխանությունն իր քաղաքական գործիքների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ ժողովուրդը զզվանքով կվերաբերի ընտրական գործընթացին, իսկ իշխանությունն իրենք կթքած ունենան այդ ընտրությունների արդյունքների վրա։

Նախկին պետական պաշտոնյան նշեց, որ ընդդիմադիր ուժերի համար առաջնային խնդիրն է համախմբումը։ «Պետք է առավելագույնս համախմբումներ տեղի ունենան։ Պարզ է, որ մեկ բևեռի շուրջ համախմբումը բացառվում է, բայց երեք կամ չորս բևեռի շուրջ կարելի է համախմբել բոլորին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերը, որոնք հավակնում են միայնակ գնալու ընտրություններին՝ փոշիացնելու ձայները, պետք է համոզվեն մտնեն որևէ դաշինքի մեջ։

Անանյանը նաև առաջարկեց դաշինքների միջև պայմանավորվածություն կնքել մի քանի հիմնարար հարցերի շուրջ, օրինակ՝ որևէ պարագայում չհամագործակցել ՔՊ-ի հետ՝ ի նպաստ իշխանափոխության։ Նա նաև կարևորեց ընդդիմադիր ուժերի միջև պայմանավորվածություն կնքել ընտրապայքարի ժամանակ միմյանց չհարվածելու և բոլորի թիրախը մեկը լինելու վերաբերյալ։

«Պետք է նաև պայմանավորվել, որ ընտրապայքարի ժամանակ ընդդիմադիր բևեռները չեն հարվածելու միմյանց։ Բոլորի թիրախը մեկը պիտի լինի։ Նաև բոլորը պետք է հայտարարեն, որ նեցուկ ու սատար են կանգնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- նշեց Անանյանը՝ ընդգծելով, որ նման համախմբված դիմադրությունը շատ ավելի արդյունավետ կլինի, քան առանձին ուժերի ջանքերը։

Նրա խոսքով՝ եթե ԿԸՀ-ն չի գրանցում որևէ քաղաքական ուժի, ապա պետք է միասնական հարված ստանա, դրա շուրջ միասնական պայքար և միջոցառումներ նախատեսվեն։ Նա նաև կարևորեց քվեարկության օրը ձայների պաշտպանության համընդհանուր կազմակերպումը՝ 2000 տեղամասերում ծածկում ապահովելու համար 6000 մարդու ներգրավմամբ։

Անանյանը նաև վերլուծեց ներկայիս քաղաքական իրավիճակի համեմատությունը 2021 թվականի հետ՝ նշելով, որ այսօր ընտրողը չի գնալու և ընտրի Նիկոլ Փաշինյանին՝ ի հեճուկս Երկրորդ նախագահի։ Նրա կարծիքով՝ իշխող թրքահաճո վարչախումբն ունեցել է թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը, որի արդյունքում հանձնվեց Արցախը՝ Հայաստանը վերակողմնորոշելու համար։

Անանյանը նաև անդրադարձավ հասարակության անտարբերության խորը պատճառներին՝ նշելով, որ Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, և պետականության փիլիսոփայությունը խաթարվել է։ Նրա խոսքով՝ դիմադրությունը մի երևույթ է, որը յուրաքանչյուր կոլաբորացիանիստական ռեժիմ խնդիր ունի ջարդելու։