Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի կառավարման հիմքում ընկած է եղել հասարակության բաժանումը։ Այս կարծիքն է հայտնել ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ներքին կոնֆլիկտների հրահրումը դարձել է իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։ «Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք։ Յոթ տարի անընդհատ հրահրվել են ներքին կոնֆլիկտներ՝ հասարակությանը տրոհելու նպատակով։ Կոնֆլիկտների մի մասը ժամանակի ընթացքում թուլացել է, բայց անընդհատ հրահրվում են նորերը»,- նշել է պատգամավորը։
Ներկայումս, ըստ Էլինար Վարդանյանի, հրահրվում է նոր կոնֆլիկտ՝ թոշակառուների և միջին և ցածր սերնդի միջև։ Իշխանությունը, մի կողմից, ցուցադրում է բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացվող միլիոնավոր դրամների գումարները, որոնք, ըստ էության, քաղաքական կաշառք են, մյուս կողմից՝ հայտարարում է, թե տասը հազար դրամ թոշակառուին տալն ի՞նչ իմաստ ունի։ Սա, նրա խոսքով, անուղղակիորեն ասվում է մոտավորապես կես միլիոն թոշակառուի՝ նրանց վատ ապրելու կամ չապրելու մասին։
Պատգամավորը նշել է, որ նման վերաբերմունքը անհարգալից է նրանց հանդեպ, ովքեր կառուցել են պետությունը, անցել բոլոր դժվար փուլերը և մեծացրել սերունդներ։
Նա նաև հիշեցրել է նախընտրական շրջանում կիրառվող սխեմայի մասին՝ հասարակությանը բաժանելու համար ստեղծված կեղծ բաժանումների շարքը․ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, ռուսամետներ-արևմտամետներ, խաղաղություն բերողներ-պատերազմի կողմնակիցներ, եկեղեցին ասպատակողներ-պաշտպաններ։ «Ներքին թշնամանքի համառոտ պատմությունը»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանությունը շարունակում է օգտագործել այս բաժանումները՝ հասարակությանը տրոհելու և իրեն իրեն առաջիկա ընտրություններին սրբագրելու համար։
Էլինար Վարդանյանը կոչ է արել ոչ իշխանական բոլոր ուժերին միասնական հակազդել այս սցենարներին, քանի որ դրանք կեղծ են և սպասարկում են միայն իշխանության շահերը։