«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարցազրույցի ընթացքում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց խմբակցության հնարավորություններին, նշել է, որ դժգոհությունների կուտակումը հանրության շրջանում չի կարող լինել իշխանության համար հիմք։

Պատգամավորի խոսքով՝ իրենց իշխանությունը ժողովրդին տվել է իշխանություն, և ժողովուրդն այն վայելում է՝ ինքն է որոշում, թե որ ուժին կառավարելու հնարավորություն տա։ Նա այս պահը համարում է իրենց իշխանության օրոք ժողովուրդն ունեցած ամենակարևոր ձեռքբերումը։

Ղազարյանը նշել է, որ հենց այս հնարավորության շնորհիվ է, որ նախկինում իշխանություն կամ իշխանության մաս էին կազմող ընդդիմադիր ուժերը այսօր շրջում են մարզերով և ժողովրդից քվե են խնդրում։ «Եվ այսօր ժողովրդի ոտերն ընկած են, որ քվե հայցեն։ Ինչի՞ համար։ Որովհետև գիտեն, որ այսօր ժողովուրդն է իշխանության տերը, և մենք ենք այդ հնարավորությունը տվել»,- ասել է նա։

Պատգամավորը թերահավատությամբ է ընդունում ընդդիմադիր ուժերի այն պնդումը, թե նրանք առաջիկա ընտրություններին կանցնեն խորհրդարան երկու կամ երեք դաշինքով կամ կուսակցությունով, հետո կմիավորվեն, կկազմեն կոալիցիա և կդառնան իշխանություն, ինչպես անցած տարի արեցին Գյումրիում։ Նրա համոզմամբ՝ այս անգամ նույնպես իրենք կհաղթեն։

Ալխաս Ղազարյանը հավաստիացրել է, որ իրենց իշխանությունը կապահովի արդար և թափանցիկ ընտրություններ նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններից հետո բողոքներ չեն եղել, և ազատ, արդար ընտրությունների ապահովումը նրանց համար կարմիր գիծ է։