Այսօրվա քաղաքական իրադարձությունների համատեքստում ակնհայտորեն տեղին է Պողոս Առաքյալի ասացվածքը, որը Կորնթացիներին ուղղված 2-րդ Թղթում անվանում է սատանայի հատկանիշը․ «Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում»։

Զարմանալի է, բայց աչքաթող եմ արել «եկեղեցին վերադարձնենք ժողովրդին» նիկոլական անհեթեթությանը։ Արժե, որ դրա վերաբերյալ մի քանի տող գրվի։

Ի գիտություն «մեծարգո» վարչապետի՝ հայոց եկեղեցու նկատմամբ ժողովրդի վստահությունը կրկնակի ավելի է, քան իր վարկանիշը։ Եթե, իհարկե, վերջինիս վարկանիշը ձևավորվել է հարցվողների անկեղծ պատասխաններից, ոչ թե վախից։

Իհարկե, վախը միշտ ներկայացել է որպես հարցման արդյունքների ձևավորման գործոն։ Որպես նախկինների օրոք սոցհարցումների համակարգող եմ վկայում, որ հարցվողների մոտ անհանգստությունն առկա էր թե՛ դեմ առ դեմ, թե՛ հեռախոսային հարցումների ընթացքում։ Նրանք զգուշանում էին՝ հանկարծ ընդդիմադիր բնույթի պատասխանները խնդիր չունենան։

Եթե համեմատենք մեր կյանքը՝ քաղաքական իմաստով, նախկինների օրերի հետ, ապա կգտնենք սար ու ձորի տարբերություն՝ ի վնաս մեր այս օրերի։ Հետևաբար, կարելի է հանգիստ կրկնակի պակասեցնել վարչապետի վարկանիշը և կստանանք իրական պատկերը՝ մոտավորապես 15 տոկոսանոց արդյունք։

Այսպիսով, նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարծես թե կողմ են «մեծարգոյի» վարչապետությանը, դեմ չեն եկեղեցուն։ Դա պարզելու համար բավական է գումարել վերջինիս ու եկեղեցու տեսակարար կշիռները։ Արդյունքում ստանում ենք ավելի քան 100 տոկոս, ինչը նշանակում է, որ Նիկոլին ձայն տվող որոշակի քանակի մարդիկ ձայն են տվել նաև եկեղեցուն։ Հակառակ պատկերը, կարծում եմ, դժվար թե տեղի ունենա։ Որովհետև եթե որևէ մեկն անվերապահ կողմ է եկեղեցուն, նա տեսականորեն անգամ դեմ պետք է լինի Նիկոլին։ Ինչպես ասում են, «իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է»։

Ուրեմն, եթե հայոց եկեղեցու նկատմամբ ավելի մեծ վստահություն է առկա, քան դատողության հեղինակի, ապա դա նշանակում է, որ եկեղեցին էն գլխից ժողովրդի հետ է, ժողովրդի մեջ է և ուրիշ ոչ մի տեղ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ինչ-որ բան վերադարձնել ժողովրդին, ապա դա նրանից խլված իշխանությունն է։ Այն իշխանությունը, որը ժողովրդի փոքրամասնությունը 2021-ին սխալմամբ զիջեց պարտության թիմին՝ խաբվելով դրա ղեկավարի խոստումներից։ Եվ քանի որ այդ խոստումները կյանքի չեն կոչվել, ժողովուրդն ամեն ինչ պետք է անի, որպեսզի իշխանությունը վերադարձնի իրեն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ժողովուրդն է իշխանության սուբյեկտը, ուրեմն վարչապետի պաշտոնը զբաղեցնողն որևէ իրավունք՝ բարոյական կամ իրավական, չունի դրան դեմ գնալու համար։

Եվ վերջապես ամենակարևորը՝ եկեղեցու «տերը» ոչ թե ժողովուրդն է, այլ Աստված։ Այն վերերկրային ուժը, որն իր զավակին երկու հազար տարի առաջ ուղարկելով Երկիր՝ սկիզբ դրեց քրիստոնեական եկեղեցուն։ Ու այդ ժամանակներից սկսած ժողովուրդն ընդամենը եկեղեցու հոտն է, իսկ եկեղեցին նրա հովիվը։ Կարծում եմ, որ պարզագույն այդ ճշմարտությունը հասու է թե՛ «մեծարգո» վարչապետին և թե՛ նրա մանկլավիկներին։ Բայց թե՛ ինքը և թե՛ իր մանկլավիկները կիսագրագետ մարդկանց «գնելու» համար մանիպուլյացնում են նրանց։ Ավելին, ինքը դա անում է՝ իրեն ներկայացնելով որպես «լույսի հրեշտակ», ինչն ըստ Պողոս Առաքյալի կողմից Կորնթացիներին ուղղված 2-րդ Թղթի, հատուկ է սատանային։ Եվ հենց միայն այդպիսի մեկը կարող էր հրապարակավ հայտարարել, որ իրենք, այսինքն՝ ինքը, «Հիսուս Քրիստոսին» մենակ չի թողնի։ Իհարկե, ավելացնում է, որ «մենակ են թողել հերձվածի հետ», բայց դա էական չէ, որովհետև ինքը չէ որոշողը, թե ով է հերձվածը և ով ոչ։ Իսկ Քրիստոսը մենակ չէ, քանի որ սրանից 1993 տարի առաջ խաչի վրա շունչը փչելով՝ նա վերակենդանացավ և երկինք համբարձվեց։ Եվ տեղ գրավեց իր Հոր երկնային գահին՝ նրա կողքին։