Ինքս ելակ եմ սիրում, բայց ձկները որդ են սիրում։ Ձկնորսության գնալիս տանում եմ որդ, ոչ թե ելակ։ Այս Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գրքից հայտնի դասը հիշեցնում է, թե ինչպես կարելի է ազդել մարդկանց վրա՝ ընտրելով ճիշտ «խայծը»։ Եվ այժմ, ընտրությունների նախաշեմին, ընտրված է «սիրում եմ բոլորիդ» սրտխառնոց առաջացնող «որդը»։

Ինչո՞ւ է ընտրված այս անհատականացված, անհետևանք սիրո խոստումը, երբ կարելի էր խոստանալ կոնկրետ, տեսանելի բաներ։ Պատասխանը պարզ է՝ քանի որ չկան արված գործեր, որոնցով կարելի է հպարտանալ։

Չկա, օրինակ, Աջափնյակի մետրոկայարանը, որը խոստանում են կառուցել միայն այսօր։ Գուցե չեն ներդրվել շռնդալից գումարներ։ Գուցե Հայաստանը չի սկսել արտադրել հեռուստացույցներ և սառնարաններ։ Գուցե կոռուպցիան չի վերացել, և դատավորը չի դարձել արդար։ Գուցե կարմիր գծերը և արագաչափերը չեն վերացել, և մարդիկ դեռևս չեն դադարել լինել «տուգանքի ապրանք»։ Իսկ գուցե «Արցախը Հայաստան է» հայտարարությունը չի ապահովել ապագան։

Հետևաբար, մնում է միայն մեկ «հույս»՝ հավատալ, որ մարդիկ կհավատան, թե իրենց սիրում են։ Ամեն օր։ Բոլորին։ Անկեղծ ու գորովանքով։ Սրտիկով։ Բոլոր ոճերի երաժշտությամբ՝ երկրի վրա, համացանցում և երկնքում։ Ամպի չափ սիրում են։

Այս հաշվարկը հիմնված է այն վստահության վրա, որ մարդիկ կփոխադարձաբար կսիրեն։ Ցանկացած մխիթարանքով, ցանկացած սփոփանքով, թեպետ՝ ափսոսանքով, բայց կսիրեն՝ ինչպես սիրում են իրենց, թեկուզ ծնողին հայհոյող զավակին։ Զավակին չէ՞ որ սիրում են՝ անկախ ամեն ինչից։ Թեկուզ նա չի արդարացրել իրենց սպասելիքները, թեկուզ միայն ցավ ու վնաս է տվել, բայց սիրում են անշահախնդիր ու անբացատրելի սիրով, և ինչ էլ նա անի՝ պիտի ներվի ու սիրվի՝ «դե սրիկա է նա, բայց մեր սրիկան է» կարգախոսով։

Այլապես ինչո՞ւ է որպես խայծ ընտրվել հենց «սերը»։ Որքան պետք է լինել տկար ու միամիտ՝ այդ խայծն ուտելու համար, երբ այնուամենայնիվ ուզածդ ելակ է։