Իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ ես չեմ ցանկանում ստեղծել հեռակա բանավեճի տպավորություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա ինձ համար հարցի քննարկման հիմնական մասնակից է։
Ամեն դեպքում, որոշ շրջանառվող լուրերի կցանկանամ անդրադառնալ։ Նախ, պետք է հստակեցնեմ, որ ես որևէ գործով չեմ անցնում, ոչ էլ եմ անցել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, համենայնդեպս իմ ներկայությամբ, որևէ քննարկման ժամանակ ինձ չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմաների կամ գործի մեջ։ Ես այդ մասին տեղեկացել եմ միայն մամուլի հրապարակումներից։
Եթե իմ հասցեին որևէ մեղադրանք է հնչել, դա ՔՊ կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է։ Կուսակցականն իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը, և պետք է ապահովվի նրա կարծիքը հայտնելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե իմ բացակայությամբ որևէ մեկը փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոներ եմ կամ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ։
Այսպիսով, եթե վարչության նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք իմ հասցեին են ուղղված, ես խնդրում եմ դրանք հրապարակել։ Եվ ապա բոլորին կլինի պարզ, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումն ուղղակիորեն բխում է իմ շահերից։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, որտեղ նա խոսում է իմ կողմից պետական բյուջե բերված 1 մլրդ 500 մլն դոլարի մասին, ես կարծում եմ, որ ՔՊ կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեին, ոչ թե խիստ նկատողություն։
Պետք է նշեմ, որ 2025 թվականի մարտի 6-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է ՔՊ կուսակցության վարչությանը՝ պահանջելով ինձ պատասխանատվության ենթարկել։ Իմ հարցը քննարկվել է ամիսներ շարունակ, և կայացվել է որոշում, որի մասին վարչապետն է խոսել։ Ես ընդունում եմ, որ իմ գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեին, և նույնիսկ կարող էին մեդալ տալ։ Բայց ես ստացել եմ խիստ նկատողություն, ինչը ես չեմ կարող ընդունել։
Ի վերջո, հարցին, թե հնարավո՞ր է ինձ կալանավորեն, ես պատասխանում եմ․ «Ոչ բացառում եմ, ոչ հաստատում եմ»։