Հունվարի 14-ին հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակը։ Այս փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը մտադիր է զարգացման ընկերությանը տրամադրել բացառիկ իրավունքներ, որոնք կարող են ներառել երկաթուղային և ճանապարհային բաղադրիչների կառուցումը։
Թեև նախագծի հայտարարությունը ձևակերպված է «խաղաղություն», «լիակատար ինքնիշխանություն» և «իրավազորության պահպանում» հասկացությունների շուրջ, այն բարձրացնում է մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ անվտանգության և ռազմական ռիսկերի վերաբերյալ։
Այս հարցերի շուրջ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրուցելով՝ հստակեցվել են մի քանի առանցքային ռիսկային գործոններ։
1. Ինքնիշխանության և վերահսկողության ռիսկը
Նախագծի ամենախորքային ռիսկը կապված է սեփականության և կառավարման մոդելի հետ։ Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են 49 տարվա համար, հանձնվում են հատուկ ստեղծվող զարգացման ընկերությանը, որտեղ վերահսկիչ բաժնեմասի 74 տոկոսն ամերիկյան կողմին է պատկանելու։ Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքում գտնվող առանցքային տրանսպորտային, էներգետիկ և թվային հանգույցների օպերացիոն կառավարումը տասնամյակներով դուրս է գալիս պետական անմիջական վերահսկողությունից։
Ամերիկյան վերահսկիչ բաժնեմասի առկայությունն ինքնին չի երաշխավորում դրա կապիտալի թափանցիկ ծագումը։ Ժամանակակից նախագծերի ֆինանսավորման պրակտիկան ցույց է տալիս, որ ամերիկյան հարթակները հաճախ գործում են՝ որպես տարբեր երկրների կապիտալի միավորումներ։ Այս պայմաններում չի կարելի բացառել, որ ամերիկյան բաժնեմասի ներսում կարող են ներգրավված լինել նաև այլ դերակատարներ, այդ թվում՝ տարածաշրջանային ուժերի (օրինակ՝ ադրբեջանական ու թուրքական կապիտալ) ներդրումներ, ինչը կձևավորի ազդեցության անուղղակի լծակներ։
2. Սահմանային և մաքսային կառավարման ռիսկը
Երկրորդ խոշոր ռիսկը վերաբերում է սահմանային և մաքսային կառավարման գործառնական մոդելին։ «Ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» համակարգերում, թեև իրավական որոշումը կարող է մնալ պետության ձեռքում, օպերացիոն մակարդակում հենց օպերատորն է որոշում, թե ո՞ր բեռը ե՞րբ է շարժվում։ Սա կարող է հեշտությամբ վերածվել ազդեցության գործիքի, որտեղ որոշակի կատեգորիաների բեռները համակարգված կերպով դասվում են «բարձր ռիսկի» խմբում, ինչը կձևավորի կայուն սահմանափակման ռեժիմ։
3. Տվյալների և թվային ենթակառուցվածքների ռիսկը
ԹՐԻՓՓ-ը նախատեսում է լայնածավալ թվայնացում և տեղեկատվական համակարգերի ինտեգրում։ Թեև նշվում է, որ տվյալները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո, քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ նման նախագծերը հաճախ ուղեկցվում են տվյալների փոխանակման շրջանակների աստիճանական ընդլայնմամբ։ Սա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որտեղ զգայուն տվյալները հայտնվեն արտաքին ուժերի ձեռքի տակ։
4. Ռազմական բեռների տեղափոխման ռիսկը
Ամենազգայուն հարցը վերաբերում է սպառազինությունների և երկակի նշանակության բեռների տեղափոխմանը։ Թեև փաստաթուղթը բաց տեքստով չի սահմանափակում նման բեռների տարանցումը, ենթակառուցվածքի կառավարման մոդելը ստեղծում է անուղղակի սահմանափակման մեխանիզմներ։ Քանի որ նման կառույցները գտնվում են ԱՄՆ վերահսկողության ներքո, դրանք ենթակա են ամերիկյան պատժամիջոցային և արտահանման կանոններին, ինչի հետևանքով որոշ բեռներ կարող են սահմանափակվել՝ անկախ Հայաստանի քաղաքական դիրքորոշումից։
Այս ամենին հավելվում է նաև «համակարգված սահմանային կառավարում հարևան երկրների հետ» ձևակերպումը, որը բացում է արտաքին վետոյի լրացուցիչ հնարավորություն։ Ըստ փորձագետի՝ եթե սահմանային ռիսկերի գնահատումն իրականացվում է բազմակողմ ձևաչափով, ցանկացած հարևան պետության քաղաքական դիրքորոշում կարող է անուղղակիորեն ազդել Հայաստանի տարածքով ընթացող տրանսպորտային հոսքերի վրա։