ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի հայաստանյան այցից հետո պարզ դարձավ, որ մեր երկիրը համառորեն ներքաշում են գերթանկարժեք ֆարսի մեջ, որը գործնական որևէ արժեք չունի, այլ լիովին համապատասխանում է «ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու» ամերիկյան աշխարհաքաղաքական սովորությանը։ Միայն թե ձեռքերը հայկական են, շագանակները՝ թուրքական, իսկ կրակը՝ միջուկային։

Իրավիճակի էությունը հետևյալն է. Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» (123 Agreement) շուրջ բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարություն, որն իբր հնարավորություն է բացում փոքր մոդուլային միջուկային էլեկտրակայանների (SMR) ոլորտում ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները Հայաստան մատակարարելու համար։

Սակայն այստեղ կա մի կարևոր, ֆիզիկական առումով հիմնարար նրբություն. բնության մեջ, կարելի է ասել՝ ֆիզիկապես, ամերիկյան մոդուլային կայաններ գոյություն չունեն։ Չնայած դրան, պաշտոնական Երևանին առաջարկվում է վճարել այդ գոյություն չունեցող «միջուկային օբյեկտի» համար գրեթե 9 միլիարդ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար գրեթե հավասար է երկրի 2026 թվականի բյուջեին։

Այս գումարի մեջ մոտ 5 միլիարդ դոլար նախատեսվում է վճարել ամերիկացիներին սարքավորումների և շինարարության համար, իսկ մոտ 4 միլիարդ դոլար՝ վառելիքի և երկարաժամկետ սպասարկման համար։ Կրկնում եմ՝ խոսքը մի բանի սպասարկման մասին է, որը բնության մեջ գոյություն չունի։

Առանցքային գործոնն այստեղ ոչ թե հայ և ամերիկացի պաշտոնյաների գրկախառնություններն են, այլ այն իրողությունը, որ պաշտոնական Երևանին գրեթե ՎԱՃԱՌՎԵԼ Է գոյություն չունեցող ամերիկյան միջուկային տեխնոլոգիա։

Ամերիկյան կողմն առաջ է մղում ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) հայեցակարգը։ Դրա ներդրման առաջամարտիկը NuScale Power ընկերությունն է, որի մեն-միակ փորձը՝ նախօրինակ ստեղծելու համար, ավարտվեց մեծ սկանդալով։

2016–2020: SMR-ի դիզայնի մշակում։
2020թ. օգոստոս: ԱՄՆ Միջուկային կարգավորման հանձնաժողովի (NRC) հավանություն։
2021: Carbon Free Power Project-ի մեկնարկը Այդահոյում։
2023թ. նոյեմբեր: Նախագծի պաշտոնական փակում՝ ներդրողների հետաքրքրության և էլեկտրաէներգիայի ինքնարժեքի կտրուկ աճի պատճառով։

Արդյունքում, ԱՄՆ-ում չկա ոչ մի կոմերցիոն գործող փոքր մոդուլային ռեակտոր, զրո՝ արդյունաբերական շահագործման մեջ, կա միայն լիցենզիա թղթի վրա և գունեղ գովազդային հոլովակ։

Այսինքն՝ Հայաստանին առաջարկվում է միլիարդներ ներդնել, վերակառուցել միջուկային ենթակառուցվածքը, տեխնոլոգիական կախվածության մեջ ընկնել հանուն մի տեխնոլոգիայի, որը չկա։ Սա հարված է գործող էներգետիկ մոդելին, որովհետև Հայաստանն արդեն ունի գործող ատոմային էներգետիկա՝ ինտեգրված ռուսաստանյան տեխնոլոգիական ցիկլին։ Ամերիկյան մոդելին անցումը նշանակում է վառելիքի փոփոխություն, սպասարկման շղթայի փոփոխություն, ինժեներական վերապատրաստում և անխուսափելի աշխարհաքաղաքական խզում Ռուսաստանի հետ։