Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Հովհաննավանքի վանական համալիրը և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին դեռևս բռնազավթված են մնում։ Այնտեղ անօրինական գործունեություն ծավալող նախկին հոգևորականները, իմ կարծիքով, շատ շուտով կհեռանան։ Այնտեղ ծառայության կոչված Արժանապատիվ հայրերը խիզախորեն խուսափում են սատանայի կամակատարի կողմից կազմված թակարդներից և շատ ճիշտ են անում։ Նույն գովելի վարքն են ցուցաբերում նաև Մասյացոտնի թեմի հոգևորականները՝ նորանշանակ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ։
Երեկ Մասյացոտնի նախկին թեմի առաջնորդը կարգալույծ հռչակվեց։ Թեև արձագանքները տարբեր են, որոշումը, ես կարծում եմ, բնականոն և անսպասելի չէր։ Որոշման հիմքերը հստակ նշված են։ Ուշագրավ է այն հիմքը, որը վերաբերում է նրա կողմից թեմի բնականոն գործունեության խոչընդոտմանը։ Եթե անգամ այլ հիմքեր չլինեին, միայն այս հանգամանքը բավարար կլիներ որևէ թեմակալ առաջնորդի կարգալույծ հռչակելու համար։
Ինչո՞ւ։ Որովհետև թեմի առաջնորդը հենց այն անձն է, որը պարտավոր է ամեն կերպ ապահովել և ոչ թե խոչընդոտել թեմի հոգևոր և վարչական գործունեությունը։ Եթե նման բան հանդգնի անել թեմում ծառայող ցանկացած քահանա, ապա առաջնորդը պետք է նրա հետ բացատրական աշխատանքներ տարի, փորձի ուղղել նրա ընթացքը, հարկ եղած դեպքում թեթև պատիժներ նշանակի։ Երբ արդեն ոչինչ չի ազդի տվյալ քահանային իր խոտոր ընթացքից հետ կանգնեցնելու համար, միայն այդ դեպքում կարող է արդարացված լինել նրան կարգալուծության հարցը։
Սակայն նույն ներողամտությունը ավելորդ է ցուցաբերել թեմի առաջնորդի նկատմամբ։ Նրա հակաեկեղեցական վարքը գայթակղություն է դառնում նաև թեմում ծառայող մյուս հոգևորականների և հավատավոր ժողովրդի համար։ Այս դեպքում նրանց կարգալուծության հարցը, իմ կարծիքով, պետք է որոշվի անհապաղ։
Իսկ նման հիմքեր իրենց համար արդեն իսկ 2026 թվականի հունվարի 4-ին աղանդապետի կեցավայրում «վաստակել են» նաև մյուս բարձրաստիճան հոգևորականները։ Նրանց պաշտոններում մնալու ամեն մի օրն ու ժամը իրական վտանգ է ներկայացնում ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն գործունեության համար։