Անցյալ աշնանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա ընթացքում, ես հայտնվեցի մի սեղանի շուրջ 30 մարդու հետ՝ գործադիր տնօրենների, վարչապետների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Մեր խոսակցության թեման կառավարությունների եւ մասնավոր հատվածի համատեղ ջանքերն էին ժամանակակից աշխարհի ամենամեծ մարտահրավերների՝ հիվանդությունների, սովի, աղքատության եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։
Հանդիպման ընթացքում պետության հարգված նախկին ղեկավարը խոսեց ՄԻԱՎ-ի դեմ պայքարում հեղափոխական դարձած լենակապավիր դեղամիջոցի մասին։ Այս նորարարական դեղը, որը պաշտպանում է ՄԻԱՎ-ի գրեթե բոլոր տեսակներից, թույլ է տալիս տարին երկու անգամ կատարվող ներարկումներով զգալիորեն բարելավել հիվանդների կյանքի որակը՝ համեմատած ամենօրյա դեղահաբերի կամ հաճախակի ներարկումների հետ։ Նյու Յորքում մեր հանդիպման օրը Gilead Sciences-ը եւ իր գործընկերները հայտարարեցին, որ կապահովեն այս դեղամիջոցը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների հիվանդներին՝ կանխելով, թերեւս, տարեկան հարյուր հազարավոր մահեր։
Այդ պահին նախկին պետության ղեկավարը այս հաջողությունը անվանեց «մարդու կողմից ստեղծված հրաշք»։ Այս արտահայտությունը խորապես տպավորեց ինձ։
Ինչո՞ւ։ Որովհետեւ այն ճշգրիտ է։ Այն ճշգրիտ նկարագրում է, թե ինչ կարող է անել կենսատեխնոլոգիան իր լավագույն դրսեւորումներից մեկում։ Այն հրաշքով կարող է պատմությանը հանձնել մարդուն բաժին հասած ամենադաժան ճակատագրերը՝ հյուծող եւ կործանարար հիվանդությունները։
Բայց մյուս պատճառը, թերեւս, ավելի կարեւորն է։ Այս արտահայտությունը ընդունում է, որ այդ հրաշքները մարդու ստեղծածն են։ Դրանք հենց այնպես տեղի չեն ունենում։ Դրանք ընտրության հարց են։ Դրանք պատվախնդրության եւ երեւակայության գործողություններ են, երբեմն՝ նույնիսկ հուսահատության։ Հրաշքներն այս հանկարծակի չեն, ակնթարթորեն չեն պատահում։ Դրանք իրագործվում են քայլ առ քայլ, եթե գիտական տվյալները հիմնավոր են, իսկ պայմանները՝ նպաստավոր։
Անցյալ տարի Միացյալ Նահանգներում այս պայմանները սպառնալիքի տակ հայտնվեցին այնպիսի չափով, որոնց նմանը ես չեմ տեսել կենսատեխնոլոգիայի իմ գրեթե 40 տարվա փորձի ընթացքում։