Ամեն օր մենք անդադար ընտրություններ ենք կատարում՝ ինչ հագնել, ինչ ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից դուրս, ազդեցություն ունենում են բոլորիս կյանքի վրա։

2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա նրանց առաջին փորձը կլինի՝ կարծիք եւ դիրքորոշում արտահայտելու եւ գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։

Այս շարքում ներկայացնում եմ Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու։

Այս անգամ իմ զրուցակիցը Երեւանից է՝ 20-ամյա Արարատ Ղազարյանը։

Արարատ Ղազարյան, 20 տարեկան

Իմ ամենամեծ հոբբիսս թվերն են։

Ես 20-ամյա Արարատ Ղազարյանն եմ։ Զորացրվել եմ 6 ամիս առաջ։ Հիմա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կիրառական ֆինանսներ ֆակուլտետի ուսանող եմ։

Իմ ապագան կապված է ֆինանսների հետ, եւ ես փորձում եմ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտում։ Ցանկանում եմ աշխատել միջազգային կազմակերպություններում կամ բանկերում։

Առաջին անգամ եմ քվեարկելու, եւ դա ինձ համար շատ կարեւոր է։ Ես ցանկանում եմ մասնակցել մեր երկրի ապագայի ձեւավորմանը։ Չնայած ես դեռ երիտասարդ եմ, կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր ձայնը տալ, քանի որ դա մեր համատեղ պատասխանատվությունն է։ Ես ցանկանում եմ ինքնուրույն որոշել, թե ում ձայնը կտամ, եւ իմ ընտրությունը կառուցվածքային կլինի՝ հիմնված իմ համոզմունքների եւ ծրագրերի վրա։