Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցերին պատասխանելով անդրադարձել է մի շարք ընթացիկ քաղաքական և միջազգային հարցերի։
Նրա խոսքով՝ կուսակցությունը հաջողությամբ ավարտել է իր ներքին ընտրությունները՝ իրականացնելով 100 տոկոսանոց թափանցիկ ընտրական գործընթաց։ Այս գործընթացի արդյունքում որևէ բողոքարկում չի եղել, ինչը, ըստ Հակոբյանի, հաստատում է կուսակցության ներքին կառուցվածքի և ընտրական համակարգի լեգիտիմությունը։
Պատգամավորը նաև անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ընթացքին։ Նրա տեղեկացմամբ՝ ՌԴ-ի գործընկերները նկատում են Հայաստանի կողմից ունեցած նոր հնարավորությունները և արդեն ավելի գործընկերային են հարաբերվում։ Ըստ նրա՝ Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստը՝ ընդգծելով խաղաղության կարևորությունը։
Հասմիկ Հակոբյանը քննադատել է ընդդիմության գործողությունները՝ նրանց մեղադրելով քաղաքական խաղերում և անբարոյական գործողություններում։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը փորձում է բլոկերով մտնել ընտրություններին, որտեղ իրար կհարվածեն, իսկ վերջում օլիգարխիկ խմբեր կմիավորվեն։ Հակոբյանը վստահ է, որ քաղաքացին կկանգնի իր հեղափոխության պաշտպանությանը։
Իշխող կուսակցության ներկայացուցիչը նաև անդրադարձել է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ եկեղեցու ղեկավարը չի ենթարկվում արտաքին ճնշումների և կներկայացնի իր որոշումը։ Նա նաև հստակեցրել է, որ եկեղեցու բարենորոգման դեմ խոսողները պետք է պատասխանեն իրենց գործողությունների համար։
Վերջում Հասմիկ Հակոբյանը նշել է, որ Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում այնքան բարձրացել է, որ երկիրը ստանում է զենքի վաճառքի առաջարկներ և ներդրումներ, ինչը, նրա կարծիքով, ընդդիմության կողմից քննադատվում է։