Այս օրերին ընդդիմադիր դաշտում ընթանում են ակտիվ վերադասավորումներ եւ բանակցություններ՝ նոր միավորումներ ձեւավորելու նպատակով։ Չնայած իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, թե քաղաքական դաշտը դատարկ է եւ ընդդիմությունը՝ անկայուն, իրականում ընդդիմադիր կուսակցությունները փորձում են գտնել համատեղ գործելու եղանակ։
Այս մասին վկայում է նաեւ «Մայր Հայաստան» կուսակցության համագումարի արդյունքը։ Կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ընտրական ծրագրով։ Ըստ Թեւանյանի՝ նրանք փորձել են ապահովել ընդդիմադիր ուժերի լայն կոնսոլիդացիա, սակայն չհաջողվելով՝ որոշել են իրենց գաղափարներն ավելացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ դառնալով համահեղինակ։
Ավելի վաղ նման մտադրություն է հայտնել նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
Հիմա տեղեկացվել է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ նույնպես սկսվել են բանակցություններ՝ նույն «Առաջարկ Հայաստանին» ծրագրով ընտրություններին մասնակցելու շուրջ։ Այս զարգացումները վկայում են ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացի ակտիվ շարունակության մասին։