ՀՀ վարչական դատարանում քննվող գործով, որի հիման վրա ՀՀ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ Կառավարությանը ներգրավել որպես գործով մասնակից։

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ նման իրավիճակի պետք է սպասել մինչեւ մայիս կամ դրանից հետո։

Փաստաբան Ռոման Երիցյանը նույնպես ընդգծել է, որ դատարանը գործն է քննում առանց գրանցված իրավատիրոջը մասնակից դարձնելու։ Նրա խոսքով՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվելու է 2026 թվականի մայիսի 22-ին։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի մարտի 20-ին կատարված գրանցումը։ Տվյալ շենքը տարիներ շարունակ եղել է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը։