Իմ հիմնական նպատակն է վերադարձնել Երևանի Հայկազուն Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին նրա պատմականորեն սահմանված դերը՝ որպես երաժշտական կոմեդիայի հարթակ։ Այս ուղղվածությունը կդառնա մեր ապագա ծրագրերի և գործունեության հիմնական կենտրոնը։
Անցյալ տարվա վերջին բեմադրված «Բևեռային ճեպընթաց» մյուզիքլի հաջողությունը, որը ստեղծվել էր իմ ղեկավարությամբ, ցույց տվեց թիմի մասնագիտական մոտեցման և մանկական ժանրի լավագույն մասնագետների համագործակցության արդյունավետությունը։ Այս հաջողությունը հիմք դարձավ նոր, ռազմավարական ուղղվածություն սահմանելու համար։
Մեր ծրագրերը կենտրոնացած կլինեն երաժշտական ժանրի վրա՝ մյուզիքլներ, օպերետներ և այլն։ Թատրոնում կշարունակվեն նաև դրամատիկ ներկայացումները, որոնք կառաջարկվեն «Երվանդ Ղազանչյան սրահում»՝ ապահովելով բազմազանություն և հանդիսատեսի տարբեր ճաշակների համար բավարարում։
Մեր երկրում մյուզիքլի ժանրը զարգացման սկզբնական փուլում է, և մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք դրա զարգացման համար՝ հանդիսատեսին վերադարձնելով նրա սիրելի երաժշտական ներկայացումները և հետագայում ստեղծելով նոր, օրիգինալ գործեր։
Այս ռազմավարության իրագործումը պահանջում է համախմբվածություն և համատեղ ջանքեր։ Ես հասկանում եմ, որ թատրոնի զարգացման տեսլականը մեկ մարդու լուծելիք խնդիր չէ, և անհրաժեշտ է ողջ անձնակազմի համախմբվածությունն ու միասնական ուժերը։ Ես պատրաստ եմ լինելու այս գործընթացի կենտրոնում՝ ապահովելով թատրոնի անցումը դեպի նոր, ավելի բարձրակարգ մշակութային հարթություն։
Վերջերս թատրոնում տեղի են եղել կադրային փոփոխություններ, սակայն ես պետք է հստակեցնեմ, որ որևէ աշխատակից չի հեռացվել իմ կողմից՝ ծանուցման հիմքով։ Ցանկացած որոշում կայացվում է միայն թատրոնի շահերի պաշտպանության և դրա զարգացման նպատակով։
Մեր զարգացման ռազմավարության կարևոր կետերից է հանդիսատեսի խմբերի դիվերսիֆիկացումը։ Այս նպատակով մենք մշակում ենք փաթեթային ծրագրեր, որոնք կներառեն նվագախմբի և բալետային խմբի համերգներ, ժամանակակից պարային ներկայացումներ և այլն։ Իմ նախկին փորձը ֆիլհարմոնիկ նվագախմբում, օպերային թատրոնում և «Բալետ 2021 հիմնադրամում» մեծ օգնություն է ցույց տալիս այս գործընթացում՝ թույլ տալով ինձ ավելի լիարժեք գնահատել և կառավարել թատրոնի բազմազան ռեսուրսները։