Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ նոր նախագահի ընտրություն։ Քվեարկության արդյունքում 214 ձայնից 164-ը՝ ձայների մեծամասնությամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվեց Պետրա Բայերը։
Նա ԵԽԽՎ-ում ավստրիական պատվիրակության անդամ է և սոցիալիստների քաղաքական խմբի ներկայացուցիչ։ Պետրա Բայերը ԵԽԽՎ-ի պատվիրակ է եղել 2018 թվականից։
Իր ելույթի ժամանակ նա նշեց, որ ծնվել է Ավստրիայում, չեխ ընտանիքում։ «Ինձ փոքրուց գրավել է քաղաքացիական ներգրավվածությունը։ 9 տարեկանում առաջին ցույցս եմ իրականացրել դպրոցում, քանի որ կարծում էի՝ ուսուցիչն արդարացի չի վարվել, և միացել եմ դպրոցական թերթի գրաքննության դեմ պայքարին»,- պատմեց նա։
Նորընտիր նախագահը վստահեցրեց, որ իր գործադիր մարմնի գլխին կանգնելով՝ կպայքարի մարդու իրավունքների, հավասարության, մամուլի ազատության և քաղբանտարկյալների ազատության համար՝ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Նա նաև հայտարարեց, որ որպես նախագահ կորդեգրի կառուցողական քննադատության և բաց երկխոսության քաղաքականությունը։
Ստրասբուրգում հունվարի 26-30-ն անցկացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստերի ընթացքում նախատեսվում է ելույթ ունենալ նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա ելույթը նախատեսված է հունվարի 28-ին։ Բացի այդ, նստաշրջանում կներկայացվեն նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և Գերմանիայի արդարադատության նախարար Ստեֆանի Հուբիգի ելույթները։